Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեռախոսի լսափողից զգացի խորին բավականության մի շշնջյուն։ Կարծես զգացի արաբուհու ջերմությունը։

— Այսօր գնացի «Կոնստանտինոպլ» սրճարանը և սուրճ վերցրի, երեկոյան ես ինքս կպատրաստեմ, կխմեք։

— Ուրախությամբ, ուրախությամբ։

— Շուտ եկեք, մի ուշանաք։

— Ե՞րբ է տուն գալիս մր. Շիլդը։

— Առհասարակ ժամը 7-ին։

— Ես կգամ ժամը 6-ին։

— You are so good, so good[1],— բացականչեց արաբուհին։

— Իսկ դուք այնքա՛ն թուխ եք,— պատասխանեցի։

Երեկոյան ժամը 6-ից մի քանի րոպե առաջ ես արդեն Մենհետտընումն էի։ Ուղղակի դիմեցի դեպի տիկին Շիլդի բնակարանը։ Դուռը բաց արավ արաբուհին ինքը և արձանի նման կանգնեց։ Շեմքի վրա ես սպասեցի և գրկեցի նրան իմ նայվածքով։ Նա գինեգույն երկար և թեթև շապիկ էր հագել և լայն գոտիով կապել մեջքը, ուրիշ ոչինչ չուներ հագին։

— Հը՛լո...

— Հը՛լո...

Նա դուռը փակեց ետևիցս, կանգնեց դռան հենած և սկսեց ինձ նայել երկար։

Ես լցվեցի հանցանքի ուրախությամբ...

Մոտեցա նրան...

Հարբեցա նրա բուրումով և արյունով...


* * *

Պարոն Շիլդը ծայր աստիճան քաղաքավարությամբ ընդունեց ինձ, հարցուփորձեր արավ իմ մասին։ Որպեսզի ինձ զարմանք չպատճառի, որովհետև ամերիկացիները հազիվ թե այդքան անձնական կյանքում ցանկանան թափանցել, մր. Շիլդն ավելացրեց.

— Այս սովորությունն Արևելքումն եմ սովորել։

— Մի՞թե այդքան երկար ժամանակ դուք եղել եք

  1. Դուք այնքան բարի եք, այնքան բարի։