Արևելքում, այնքան, որ կարողացել եք մինչև անգամ բարքեր, այն էլ վատ բարքեր որդեգրել,— կատակեցի։
Մր. Շիլդն սկսեց պատմել ինձ, նողկալի մանրամասնություններով, իր ճանապարհորդություններն Արևելքում։
Նա պատմում էր, երբ արաբուհին բերեց իր խոստացած սուրճը՝ փիրուզյա կապույտ ֆինջաններով։
— Լեյդի Շիլդ, թույլ տվեք ձեզ այս երեկո կոչել ձեր իսկական անունով։
— Խնդրեմ, խնդրեմ։
Այն ժամանակ ես բացականչեցի։
— Բինտ-Էլ-Թալիբ, դուք ձեզ եք եփել այս սուրճի մեջ։
Թալիբի դստեր սպիտակ ատամները ժպտացին առավոտյան լուսի նման թուխ շրթունքների արանքից։
Մր. Շիլդն առանձնապես գոհ մնաց իմ այս կոմպլիմենտից։ Նրա աչքերը մեծ բավականություն արտահայտեցին։
— Նա իր ամեն բանում դնում է իրան,— ավելացրեց մր. Շիլդը։
Ես նրանից ավելի սրամիտը չէի սպասում։
Արաբուհին և ես նայեցինք իրար։ Մեր նայվածքները հրաբորբոք էին, արյունով ներկված։ Ապա մր. Շիլդը դարակից դուրս բերեց լուսանկարների մի հաստ կապոց։
— Սրանք իմ հանած լուսանկարներն են Արևելքում։
Ամբողջ երկու ժամ, զզվելի երկարաձգությամբ, մր. Շիլդը ինձ ցույց տվեց իր լուսանկարները, պատմելով յուրաքանչյուրի մասին ճշգրիտ մանրամասնություններով։ Երբեմն հիշողությունը չէր օգնում, գնում, բերում էր նոթագրության իր խոշոր տետրակը, բաց էր անում տարեթիվը, ամսաթիվը և օրաթիվը՝ ասելու համար, թե տվյալ լուսանկարը որտեղ է հանված, և էշի վրա նստած մարդը որտեղացի է, անունն ինչ էր, ուր էր գնում և ինչ փողոցում, ժամը քանիսին պատահեց նրան և լուսանկտրեց։ Մր. Շիլդը մինչև անգամ ցույց տվեց ինձ լուսանկարչական ապարատը, որը, «շատ զարմանալի», ոչ թե Ամերիկայում էր գնել, այլ Անգլիայում։
Իհարկե, ձանձրույթից ես խորը հառաչում էի, բայց մր.