Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանքն է, որ փոխում է արևը, սոցիալական միջավայրն է, որ արևը ավելի կամ նվազ տաք և փայլուն է դարձնում։ Երբ արևը դիտում ես նկուղից, նվազ փայլուն է, քան երբ դիտում ես ապարանքից։

Արաբուհին չէր համոզվում և պնդում էր երեխայի նման։

Կարոտել էր իր որբությունը, կարոտել էր այն ժամանակը, երբ՝ թեև աղքատ, բայց ազատ էր։

Երբ նա ինձանից բաժանվում էր, իմ սիրտը դատարկություն էր զգում, ինչպես չվառվող վառարանը, իսկ երբ գալիս էր իր խոստացած ժամին, ինձ թվում էր, որ ահա առավոտ է բացվում, ահա շողերը թափվում են արևելյան հորիզոնից։


8

Երբ արաբուհուն պատահեցի որոշված ժամադրավայրում, ես տեսա, որ նրա ձեռքին մի պայուսակ կար, նրա աչքերն անձկագին էին, և ամբողջ մարմնով դողում էր։ Երբ ինձ տեսավ, մի քիչ ամրապնդվեց և ձեռքս բռնելով ասաց.

— Չի պատահել, որ մի օր ուշանաս, բայց չգիտեմ ինչու, այսօր իմ մեջ մի երկյուղ կար, որ չես գա։

— Ի՞նչ է պատահել քեզ, Բինտ-Էլ-Թալիբ։

— Գնում եմ։

— Ու՞ր։

— Գնում եմ Արաբիա։

— Ա՛յ դու, ավազների նժույգ,— կատակեցի։

— Լուրջ, գնում եմ, արդեն տոմս եմ վերցրել։ Գնանք, ինձ օգնիր։

Ոչ մի կերպ ես չկարողացա արաբուհուն համոզել մնալ Ամերիկայում և թողնել մր. Շիլդին։

— Նա գազան է, ես չեմ մնա այս երկրում,— վճռականորեն պատասխանեց Թալիբի դուստրը։

Արդեն ջայլամի փետուրի վաճառականը, որ իր կնոջը, իբրև կոմպլիմենտ, «Սիրամարգի փետուր» էր կոչում, սկսել էր խստորեն հետապնդել նրան։

Մենք միասին գնացինք լոմբարդը։

— Իմ ադամանդներից միայն մեկն եմ վերցրել և մի