սեփականաթյուն են համարում, ապրանք, բայց այստեղ էլ միևնույնն է,— ասաց Թալիբի դուստրը։
— Քաղաքակրթությունը շպար է, Բինտ-Էլ-Թալիբ,— հարեցի,— այստեղ էլ, այնտեղ էլ կնոջը դասում են ապրանքի կարգը, Արևելքում կինը «ձեռագործ» ապրանք է, իսկ այստեղ «մեքենայագործական ապրանք», այսինքն՝ Արևելքում այդ տեսակի ապրանքն ավելի թանկ է, քան այստեղ։
Ապա ես խնդրեցի Բինտ-Էլ-Թալիբից այս բոլորի մասին ոչինչ չասել իր ամուսնուն։
Արաբուհին վճռականորեն պատասխանեց.
— Նա իմ ամուսինը չէ այլևս, բայց ես նրա հետ կխաղամ միևնույն խաղը, մինչև ազատվեմ նրանից։
Ապա նրա աչքերը մեղմացան, ստացան բարի և հարավի կնոջ փայլը, և շշնջաց.
— Դու օազիս ես այս անապատում։
— Իսկ դու սառնորակ աղբյուր ես այդ օազիսում։
Թալիբի դուստրը հառեց ինձ կաթնալույս աչքերով։
Մենք փաթաթվեցինք իրար ինչպես բաղեղի երկու շյուղերն են իրար փաթաթվում։
Այդ ժամերին մր. Շիլդը ջայլամի փետուրներ էր ծախում հաճախորդների Բրոդուեյի իր մեծ խանութում, ստում էր ու վաճառում ագահությամբ և կրքով։
Ամեն անգամ, որ պետք է վերադառնար ջայլամի փետուրի վաճառականի հարկի տակ, արաբուհին աղիողորմ արցունքներ էր թափում։
Մի օր նա ինձ մի բան ասաց և իր ասածի վրա պնդեց միամտորեն։
— Ես կարծում եմ, որ միևնույն արևը չէ, որ լուսավորում է այս երկրագունդը. կգա մի ժամանակ, երբ գիտնականները կհաստատեն, որ ուրիշ արև է արևելյան կիսագունդը լուսավորողը, ուրիշ արև է արևմտյան կիսագունդը լուսավորողը։
— Միևնույն արևն է ամեն տեղ, Բինտ-Էլ-Թալիբ,