Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՜խ, ա՜խ,— հառաչեց Ասատուրը,— Եգիպտոսում ես ապրեցի իմ կյանքի լավագույն օրերը։

— Ինչո՞ւ Եգիպտոսում այդքան երկար մնացիր, չէ՞ որ Ամերիկա էիր գալու։

— Եգիպտոսում ես պատահաբար մնացի, բայց ցանկանում էի ամբողջ կյանքս այնտեղ անցկացնել։

— Գործդ լա՞վ էր։

— Շատ լավ։


* * *

— Ալեքսանդրիայում պետք էր նավի սպասեի գալու համար,— պատմեց Ասատուրը,— գնացի մի տուն սենյակ վարձելու, որպեսզի շատ չվճարեմ։ Պանդոկները թանկ էին։ Վարձեցի մի սենյակ և մնացի այնտեղ ամբողջ երեք տարի, որովհետև կապեր ստեղծվեցին իմ և տանտիրուհու միջև։ Եգիպտուհի էր իմ տանտիրուհին, թուխ, խոսում էր արաբերեն։ Ես նրան առաջին իսկ օրից սկսեցի Կլեոպատրա կոչել։ Նա չէր ճանաչում պատմական Կլեոպատրային, բայց երբ պատմեցի նրան Կլեոպատրայի պատմությունը, ասաց.

— Ես ինչո՞վ նման եմ իմ հինավուրց հայրենակցին։

— Դու շատ ես նման նրան, թեև նա սպիտակ էր, բայց հոգով թուխ էր, արևակեզ ինչպես, դու։

Կլեոպատրան ամուսնացած էր մի հույնի հետ, որը սուրճի վաճառական էր։ Հույնը մեծ փոր ուներ և վիթխարի ախորժակ, միշտ զբաղված էր իր սուրճի հաճախորդներով։ Նախքան իմ այդ տունը մտնելը՝ Կլեոպատրան մենակ էր ապրում, մենակ՝ ինչպես մենավոր ծառը հեռավոր հովտում։ Նրա ամուսինը գրեթե անկապ մի մասնիկ էր տան մեջ։ Երբ առաջին անգամ մտա այդ տունը և սենյակ խնդրեցի Կլեոպատրայից, ժպտացին նրա հարավի սև աչքերը։ Ժպտալիս կարծես սպիտակ ծաղկի թերթեր թափվեցին նրա աչքերից, այդ ժպիտը նման էր մթում հանկարծ երևացող լույսի։

— Թեև վարձու սենյակ չենք տալիս, բայց ձեզ համար կարելի է սենյակ տրամադրել,— ասաց Կլեոպատրան։