Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես լռեցի։

Ցինիզմը ինձ զզվեցնում է։ Որոշեցի երբեք չխոսել, որպեսզի Ասատուրը բարի լինի ինձ մենակ թողնելու, բայց նա շարունակեց.

— Կարոտել եմ Կլեոպատրային, կարծես ծարավել եմ և ամբողջ հոգիս տոչորվում է, ծարավել եմ ես Կլեոպատրային՝ ինչպես անապատի անցորդն է ծարավում ջրին։ Կանանց այս առատության մեջ չկա մեկը, որ կարողանա նրա մի կաթիլի զովությունը տալ իմ հոգուն։ Ես զգում եմ, որ դու բարկացած ես ինձ վրա, ես զգում եմ, որ դու գարշում ես ինձանից, իրավունք ունես. ապրում եմ զզվելի իրականության մեջ, իմ մեջ մարդկային շատ քիչ լավ բան է մնացել, բայց սիրում եմ ես Կլեոպատրային։ Ես պետք է գնամ, թեկուզ նրա ամուսինը կախել տա ինձ. ես պետք է գնամ Եգիպտոս, եթե մինչև անգամ չկարողանամ տեսնել Կլեոպատրային, բավական է, որ ապրեմ այն միևնույն քաղաքում, ուր նա է ապրում, այն ժամանակ միայն ես կսրբվեմ իմ մեղքերից։

Ես տեսա, որ Ասատուրի՝ այդ հսկա տղամարդու աչքերը, որոնցից քիչ առաջ ցինիզմ էր կաթկթում, բոցավառվել էին մանկական աչքերի նման։

Մոտեցա ես նրան։

— Ինչքա՞ն ես սիրում դու այդ եգիպտուհան,— հարցրի։

Ասատուրը չկարողացավ պատասխանել և սկսեց լաց լինել:


* * *

Մի ամիս անց` Ասատուրը նորից հայտնվեց իմ սենյակում։ Երեխայի նման ոստոստում էր նա, անհարկի շարժումներ անում, նման այն մարդուն, որ կա՛մ խելագարվել է և կա՛մ արտակարգ, ցնորեցուցիչ ուրախության մեջ է գտնվում։

— Ի՞նչ կա, պարոն քարոզիչ,— հարցրի հեգնությամբ։

Ասատուրը կանգ առավ։ Լռություն։ Ապա նա աչքերը հառեց իմ աչքերին, փաթաթվեց ինձ ու հեկեկաց.

— Մի՛ ծաղրի ինձ, մի՛ ապտակի ինձ, իմ հոգում դառնություն