Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ կա, մի՛ բարձրացնի իմ հոգին խարույկի վրա, կյանքի չարությունից ես քարոզիչ դարձա։

— Ո՞վ հանցանք կգործի, եթե պատճառներ չլինեն,— պատասխանեցի, եթե պատճառներ չլինեն, ո՞վ իրան կգցի ցեխի և ամոթի մեջ։

— Ես շուտով կազատվեմ այս բոլորից,— ասաց Ասատուրը,— շուտով գնալու եմ,— ավելացրեց։

— Ո՞ւր։

— Եգիպտոս,— բացականչեց Ասատուրը։

— Ընդմի՞շտ։

— Ո՞վ է իմանում, գուցե... Ուզում եմ ընդմիշտ գնացած լինեմ, տեսնենք։

Լռություն։

Ասատուրն ինքը խզեց լռությունը։

— Գնում եմ եկեղեցու կողմից։ Ճիշտն ասած՝ Եգիպտոս չեմ գնում, գնում եմ Երուսաղեմ, սուրբ վայրերը։

— Եկեղեցի՞ն է ուղարկում քեզ։

— Այո։

— Ինչո՞ւ։

— Ուղարկում է, որպեսզի սուրբ վայրերը տեսնելովս ավելի ոգևորվեմ իմ կրոնական քարոզչությամբ, գտնում են, որ ամեն մի քարոզչի համար հարկավոր է տեսնել այն վայրերը, որտեղ ինքը՝ Քրիստոսն է ման եկել, իսկ ես աճապարում եմ, որովհետև Եգիպտոս եմ գնալու։

— Երուսաղեմ չպե՞տք է գնաս։

— Տեսնենք, ո՞վ է իմանում։

Լռություն։

Այլևս խոսելու բան չէր մնացել։

— Երևի ես կմնամ Եգիպտոսում, եթե վերադառնամ, կասեմ, որ գնացի, տեսա, ման եկա, իսկ եթե չգամ, էլ ի՞նչ։

— Մի հատ սիգար կծխե՞ս,— հարցրի։

— Շնորհակալ եմ,— ասաց Ասատուրը և մի սիգար վերցրեց տուփից։

Ասատուրը թաղվեց թիկնաթոռում, սկսեց քաշել սիգարը և մրթմրթալ.

— Կգնամ, կտեսնեմ Կլեոպաարային, ման կգամ նրա