Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որի գագաթն ամեն ամիս կարմրում էր, ուռչում, դեղնում և հուսկ ապա՝ պայթում։

Դժվար թե կարելի է նկարագրել նրա բերանը, որովհեաև մշտական ձև չուներ։ Եթե տանն էր, ընտանիքի անդամների ներկայության, ուրիշ ձև ուներ, եթե հյուրեր գային, տարբեր ձև էր ընդունում, հորս ներկայության՝ տարբեր (զսպված և կծկված), բամբասանք արած ժամանակ արտակարգ մեծանում էր։ Վա՛յ թե քներ, այդ ժամանակ բերանն իրանը չէր — մի անտեր և ավերակ խոռոչ, ուր ամեն ինչ մտնում, ելնում էր։ Այդ ավերակ խոռոչից դուրս էին ցցվում նրա իրարից հեռու երեք ատամները՝ ինչպես ցամաք նետված հին և խորտակված նավի կայմեր։

Հագուստը միշտ հին էր։

Երջանիկ էր նա ցնցոտիներում։

Նա դեմ էր մինչև անգամ բնության շռայլության։

Ատում էր լավ հագնվողներին, ատում էր մանավանդ գեղեցիկ կանանց։

Հիշում եմ նրա կարկատանները, խունացած վերարկուն, հազար ու մի գույնզգույն կտորներով կպցրած շապիկը, մանավանդ գլխի շալը, որը մի հիմար անգլիացի փորձեց գնել իբրև անտիկ ձեռագործ։

* * *

Հորաքույրս ընկույզից շինած մի խոշոր սնդուկ ուներ (երեք հոգի կարող էին ծալապատիկ նստել մեջը), որի բովանդակությունը դժվար թե ևս այժմ կարողանամ վերհիշել։

Այդ սնդուկում կային 50 տարվա հին սիստեմի կարված մետաքսե շորեր, կոշիկներ, զանազան գույնի կոճի և խառնված թելեր, երեսի սրբիչներ, ծածկոցներ, գուլպաներ, գլխանոցներ, վարտիքներ, շապիկներ, ասեղ, գնդասեղ, զանազան որակի կերպասի կտորներ, հին ոսկիներ, մարգարիտներ, գոհարներ, փոքրիկ խալիչաներ, արծաթ թաս, չիբուխներ, համրիչներ, գոտիներ, օդեկոլոնի շշեր, պատկերներ, շրջանակներ, հին դրամներ, ոսկեկոթ գրիչներ, թանաքամաններ,