հին Ավետարաններ, երուսաղեմյան խաչեր, կոճակներ, գդակներ, ֆեսի ծոպեր, մատնեքներ և այլն...
Իսկ նա ապրում էր փառահեղ ցնցոտիներում, հագնում էր այնպիսի գուլպաներ, որոնք 30 տարուց ի վեր կարկատում էր, այնքան էին հաստացել, որ ոչ մի կոշիկի մեջ չէին մտնում։
Երկար տարիներ առաջ մեկը՝ Նազար աղան, նրան կնության էր ուզել, և նա մերժել էր։
— Ինչ ախմախ էի էն վախտը,— ասում էր հորաքույրս,— որ ատ մարդը չառի, Նազար աղայի տանը խանում խաթուն կըլլեի։
Այս ասելուց հետո՝ հորաքույրս խոր ախ էր քաշում, և պատրաստ էր արցունքը, թափվում էր սև, ծալքոտած երեսների վրա։
Նազար աղան, ամառ-ձմեռ, կախ ընկած վարտիքի նման մի անձրևանոց ուներ, չոր, ցից-ցից մազերով, յուղոտած ֆեսով։ Նրա աչքերը տարբեր ուղղություններով էին հառում։ Նազար աղայի քայլվածքը նման էր այն էշի քայլվածքին, որի ծանր բեռը, տիրոջ անուշադրությունից, գալիս-հասնում է մինչև պոչը, ծանրանալով հետույքի վրա, երբ զառիվեր է բարձրանում։
Բայց Նազար աղան այդպես չէր երևում հորաքրոջս։
— Մարդ, ինչ մարդ, բոյը-բուսը տեղը, շարժվածքը, քելքը, քիչ խոսող, լուրջ, կնկանը Ալմաստ մը կըսե, Ալմաստ մըլ բերնեն կըյնի... տունը-տեղը լեցուն, վաստակը տեղը...
Նազար աղան բազարի հետընկած մի անկյունում մի փոքրիկ եռանկյունաձև կրպակ ուներ, որտեղ զինվորների համար պատրաստի նամակներ էր գրում։ Նրա ողջ «գրասենյակի» կահ-կարասին՝ մի խարխուլ սեղան, մի աթոռ, որ հազար ու մի թելերով կապել էր, մի թանաքաման՝ մեջն ամբողջ մազ, թուրքերեն գրելու համար մի քանի եղեգե գրիչներ, մի հողե ջրաման, մի բաժակ՝ այնքան փոշոտած, որ