Եկեղեցական պաշտամունքից հետո՝ ես ծանոթացա այդ եկեղեցու մի շարք մշտական հաճախորդների հետ:
Ասատուրն այդ եկեղեցու հաճախորդների համար Արևելքի այն միակ առաքյալն էր, որ ոտ էր կոխել Նոր Աշխարհի վրա։ Ասատարի քրիստոնեական ջերմեռանդության և էնտուզիազմի համբավը համատարած էր այդ եկեղեցու շրջապատում։ Նրանք գտնում էին, որ Ասատուրի ապագան ավելի փայլուն կլինի, քան Բիլի Սընդիի[1] ներկան։
Ես այդ «հավատացյալներին» ոչինչ չհայտնեցի, բայց արդեն համոզված էի, որ երիտասարդ քարոզիչը չի վերադառնա Արևելքից։ Նա ամբողջ հոգով արևելքցի էր, Արևելքում էլ կմնար։
Ամբողջ եկեղեցին մեծ հույսեր էր կապել Ասատուրի՝ սուրբ վայրերը տեսնելու հետ։ Այդ եկեղեցու հավատացյալները երևակայում էին երիտասարդ քարոզչին սուրբ վայրերի դողով բռնված, այդ քրիստոնյաներին այնպես էր թվում, որ Երուսաղեմ քաղաքից երկինքը ավելի մոտ է, քան Ամերիկայի որևէ քաղաքից։
— Այնտեղ նա կհանդիպի սուրբ հոգուն, կտեսնի հենց իրան՝ Հիսուս Քրիստոսին,— ասում էր չոքած մի պառավ և կափկափում էր, երբ «Հիսուս Քրիստոս» էր արտասանում:
— Երիտասարդ քարոզիչն իսկապես սուրբ է,— ասում էր մի լեդի։
Այս լեդին երբ իմացավ, որ ես երիտասարդ քարոզչին ճանաչում եմ մանկուց, քիչ մնաց, որ ինձ էլ սուրբ ընդուներ։
— Երանի ձեզ, որ դուք նրա հայրենակիցն եք, երանի ձեզ, որ տեսել եք նրա ծննդավայրը։
Ասատուրին միայն պակասում էր մի առասպել իր ծննդի շուրջը։ Դա շատ հեշտ էր, Քրիստոսի «հայրը» եղել էր հյուսն, իսկ Ասատուրի հայրը հացթուխ էր:
Լեգենդան արդեն հյուսվում էր։
Եկեղեցուց դուրս գալուց հետո՝ ես եզրակացրի,— Ասատուրը
- ↑ Բիլի Սընդին Ամերիկայի քրիստոնեական պրոպագանդայի հայտնի ներկայացուցիչներից էր։