այդ «քրիստոնյաներին» է խաբում, և այդ «քրիստոնյաները» Ասատուրին էին խաբում։
Եկա և այն եզրակացության, որ վերջ ի վերջո այդ եկեղեցին և Ամերիկայի բուրժուական կարգերն էին, որ Ասատուրին սովորեցրին կեղծավորություն և ուրախություն, իսկ Ասատուրն էլ հանդիսացավ ստի և կեղծիքի հերոսական ասպետ։
Ասատուրը խաբում էր իրան և նրանց, նրանք խաբում էին Ասատուրին և իրենց։
Երեք ամիս անց՝ Ասատուրից ես մի նամակ ստացա։ Կարճ էր։
«Եգիպտոսում եմ։ Շատ դժվարություններով ամեն օր տեսնում եմ Կլեոպատրային։ Թուրքերը վիզե չեն տալիս Պաղեստին գնալու։ Ուրախ եմ, որ թուրքերը համառում են»։
Ես չպատասխանեցի Ասատուրին։
Անցավ ութ ամիս, և մի օր էլ Ասատուրը հայտնվեց իմ սենյակում։
Նա նիհարել էր, մի քիչ դժգունել և կորցրել էր որոշ չափով իր աչքերի բոցավառությունը։
— Հը՛, ի՞նչ կա, ես կարծում էի չես գա։
— Ուզում էի չգալ, բայց Կլեոպատրան չբաժանվեց իր ամուսնուց, չբաժանվեց ոչ մի գնով, ո՛չ Եգիպտոսում ապրելու և ո՛չ էլ Ամերիկա գալու գնով։ Ամեն օր գալիս էր նա ինձ մոտ, բայց չէր ուզում բաժանվել այդ մարդուց։ Շատ աշխատեցի պատճառը հասկանալ, քանի որ ինձ սիրում էր և ամուսնուն ատում, երկար համառեց, բայց մի օր էլ ասաց.
— Ես գիտեմ, դու շուտ կայրվես և մոխիր կդառնաս, դու շատ ես սիրում, շուտ կայրվես։
Ասատուրը լռեց։ Ընկճված էր նա։ Ես զգացի, որ նրա հոգին ողբում է արդեն դիզված մոխիրների վրա։