Նրա հուղարկավորությանը մի քանի հոգի հազիվ կային. քույրը՝ Թուրվանտան էր, Թուրվանտայի ամուսինը՝ Փալանճի Գրիգորն էր, ամուսնու եղբայրը՝ Սիմոնն էր, երկու հարևաններ իրենց կանանցով, տերտերը, ժամկոչը. տիրացուն չէր եկել տերտերի կարգադրությամբ, որպեսզի ստացված փողը փոխանակ երեքի՝ երկուսի միջև բաժանեին, իսկ ամուսինը մի տարի առաջ արդեն պառկել էր գերեզմանոցում և կնոջն էր սպասում։
Սառային թաղեցին ամուսնու կողքին։
Գերեզմանոցի ցանկապատից դուրս չելած՝ տերտերն իր վարձը պահանջեց, իսկ ցանկապատից դուրս բոլորն էլ բաժանվեցին իրարից։
Փալանճի Գրիգորն ասաց կնոջը.
— Է՛հ, կնիկ, ես էրթամ խանութ։
Մեռելատուն վերադարձող միայն Թուրվանտա Քորոյին սպասում էր հինգ տարեկան որբ մնացած Թորիկը։
Երբ Թուրվանտա Քորոն արցունքոտ աչքերով, սև շալը գլխին, մեկ ձեռքը դրած դագաղի վրա՝ դուրս էր գնում, հիշեց Թորիկին, թողեց դագաղը, գնաց ներս, բացեց պահարանը, մի կտոր չոր հաց վերցրեց, տվեց Թորիկին, նստեցրեց դոշակի վրա և ասաց.
— Թորիկ, ձագուկս, էստեղ նստիր, հիմա կուգամ։