Թորիկը հացն առավ ու սկսեց կրծել։
Թուրվանտա Քորոն հասավ դագաղին։
Եվ երբ Թուրվանտա Քորոն վերադարձավ թաղումից, Թորիկը հացի կեսը կրծել էր, մնացած կիսովը խաղում էր փիսիկի հետ։ Փիսիկը ցատկում էր, կծում հացի կտորը, Թորիկը քաշում էր, ազատում հացը և ծիծաղում։
Թուրվանտա Քորոն, տեսնելով Թորիկին բոլորովին անգիտակ աշխարհի իր ամենաթանկագին էակից զրկվելու դժբախտության, սիրտը նորից փլվեց, թաղման աղիողորմ լացը նորից բարձրացավ սևացած, աղքատ, փոքրիկ և խարխուլ խրճիթում։
Բացի Թուրվանտա Քորոյից, աշխարհում ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չկար, որ խնամեր որբին, ուստի Թուրվանտա Քորոն, առանց որևէ որոշում կայացնելու, վերցրեց Թորիկին, փաթաթեց սև շալի մեջ, տարավ տուն, անմիջապես կրակ վառեց, ջուր տաքացրեց, լողացրեց որբին և պառկեցրեց, որ քնի։ Թուրվանտա Քորոն նրա շորը լվաց, փռեց թեժ արևին, չորացրեց, ձեռաց կարկատեց, և երբ որբը զարթեց, հագցրեց և սպասեց ամուսնուն։
Երեկոյան, երբ Փալանճի Գրիգորը տուն եկավ, Թուրվանտա Քորոն գրկեց որբացած մանկան, կանգնեց ամուսնու դեմը և ասաց.
— Տանը մեջ փիճ մի ըլլեր, կըսեիր՝ իշդե քըզի փիճ, սիպե քի մեջքես ընկեր է։
Քսան տարի էր, ինչ Թուրվանտա Քորոն և Փալանճի Գրիգորն ամուսնացել էին, բայց հակառակ բուռն ջանքերի — մոմ չմնաց սրբերի պատկերների առաջ վառեցին — զավակ չունեցան։
Փալանճի Գրիգորը երկար նայեց Թորիկին, որ հիմար-հիմար ժպտում էր, խղճահարվեց և քթի տակ, մեծ բեղերի վրա, մի ժուժկալ ժպիտ թափելով՝ վերցրեց մանկանը կնոջ գրկից, համբուրեց և ասաց.
— Նորեն աստված մեր երեսը հայեցավ։
— Մենք չըլլեինք նե՝ ի՞նչ տըլլեր։
— Կտանեինք, կնետեինք քուլ-խանը,— պատասխանեց Փալանճի Գրիգորը։