Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նեղություն չէր պատճառում, որ Փալանճի Գրիգորի համար անխուսափելի սովորություն դարձավ առանց Թորիկի տեղ չգնալ։

— Թող տունը մնա,— ասում էր Թուրվանտա Քորոն,— քըզի նեղություն կուտա։

— Չէ, կնիկ, հեչ նեղություն չի տար, ճիվերս կը բռնե, կը կայնի, շատ խելոք փիճ է։

Թուրվանտա Քորոն խելահեղ ուրախության էր մատնվում։

— Թե՛ որբը տուն գտավ, թե՛ մենք ըլ զավակի տեր եղանք, թե որ Փալանճի Գրիգորին հայեինք, բան դուրս չէր գար, չոր աղբիր...— ասում էր նա։

Հետզհետե թե՛ Փալանճի Գրիգորը, թե՛ Թուրվանտա Քորոն զգացին, որ Թորիկն անհրաժեշտություն էր տանը։

— Էս փիճը չըլլեր, ի՞նչ տընեինք,— հարց էր տալիս Փալանճի Գրիգորը։

— Ի՞նչ տընեինք, քիթ քթի տի նստեինք ու իրարու անտեր երեսը տի նայեինք,— պատասխանում էր Թուրվանտա Քորոն։

— Ծո՛, Թորի՛կ,— ձայնում էր Փալանճի Գրիգորը։

— Ի՞նչ է, Գրիգոր աղա,— պատրաստակամ պատասխանում էր Թորիկը։

— Ջուր մի տուր՝ խմիմ, ծո։

Թորիկը ջուրը բերում էր։

Թուրվանտա Քորոյի հրճվանքին չափ չկար, մանավանդ, երբ Թորիկն ամուսնուն «Գրիգոր աղա» էր կոչում, մի բան, որ ինքն էր սովորեցրել նրան։ Քանի որ աշխարհում ոչ ոք նրան աղա չէր կոչելու, գոնե Թորիկը կոչեր։

— Քա՛, Թորի՛կ, ո՞վ է դուռը կծեծե,— հարցնում էր Թուրվանտա Քորոն, հաստատ համոզված լինելով, որ պիտի լինի Փաչանճի Գրիգորը։

— Գրիգորը աղադ է,— պատասխանում էր Թորիկը։

Թուրվանտա Քորոն հպարտանում էր, ուրախանում, բռնում Թորիկի գլուխը, սեղմում կրծքին, համբուրում և ասում.

— Գրիգոր աղադ քըզի ղուրբան ըլլի...