Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Դ

Երբ Թորիկն ավելի մեծացավ, տնից դուրս էլ դարձավ պետքական։

— Ծո՛, Թորի՛կ, էս միսը տուն տար։

— Ծո՛, Թորի՛կ, էս հացը տունը ձգե։

— Թորի՛կ, օղո՛ւլ, գնա Գրիգոր աղայիդ ըսե՝ քացախ առնե, բեր։

— Թորիկ, ղուրբան, սեփեթը խանութը տար։

Եվ Թորիկն ամեն ինչ կատարում էր սուսիկ-փուսիկ, առանց դժգոհելու։ Միայն թե տնից խանութ, խանութից տուն գնալ գալը շատ երկար էր տևում։ Երբ Փալանճի Գրիգորը տուն գար և ճաշը պատրաստ չգտներ, զարմանում էր։

— Աղջի՛, Թարվանտա՛, էսքան ատեն կերակուրը չես պատրաստեր, անոթի քուռակ կնետիմ։

— Ուշ ղրկեցիր միսը։

— Ի՞նչ կըսես, առտուն եմ ղրկեր։

— Քա՛, օրհարսակ էր եկավ Թորիկը։

— Ծո՛, Թորի՛կ։

Թորիկը կանգնում էր և հլու նայում։

— Միսը խանութեն դո՞ր տուն բերիր։— Հեչ տեղ չի գացի՞ր։

— Չէ։

Թորիկը սուտ չէր խոսում, խանութից ուղիղ տուն էր եկել, բայց ճանապարհին շատ էր կանգ առել։ Թորիկին հետաքրքրում էր փողոցում ամեն բան — արջ էին խաղացնում՝ դիտում էր, տեսնում էր, որ մի դռան առաջ հավերը կուտ են ուտում՝ կանգ էր առնում և երկարորեն դիտում, վայ թե կցված շներ տեսներ՝ ժամերով դիտում էր զմայլանքով և հրճվանքով, առանց իմանալու, թե ինչ էր կատարվում։ Եվ պատահում էր, որ դիտելիս՝ թևի տակից հաց էին փախցնում կամ բանջարեղենի մի փունջ։ Ամենաշատն ուշանում էր այն օրերը, երբ ձյուն էր գալիս խոշոր փաթիլներով։ Դանդաղ և օրորուն պարող ձյան հատիկներն անսահման հրճվանք էին պատճառում Թորիկին, գլուխը վեր էր բարձրացնում և սպասում մինչև ձյան մի փաթիլ ընկնի աչքերի թարթիչների վրա։