Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քա՛, խելքս կթռցնիմ, էս ի՞նչ բան է, ապշում էր Թուրվանտա Քորոն։

— Արմուկը մաշվի, խելքիս կպառկի, ամա արմուկեն վեր ինչո՞ւ մաշվի, ջանըմ,— հարց էր տալիս Փալանճի Գրիգորը։

Մի օր Փալանճի Գրիգորը գաղտնի Թորիկին հետևում է՝ ստուգելու։

Եվ ամեն ինչ պարզվեց։

Թորիկը ամբողջ ճանապարհին պատերին քսվելով էր գնում, խանութից տուն գնալիս՝ մի կողմով, տնից խանութ գնալիս՝ մյուս կողմով։


Ե

Եվ մի օր էլ Թորիկի կրծքին կախեցին թակը[1] և տարին դպրոց՝ պարոն Աշուրի վարժատունը։

— Միսը քըզի, ոսկորը մըզի,— ասաց Փալանճի Գրիգորը։

Պարոն Աշուրն ակնոցների տակից նայեց Թորիկին։ Թորիկը, թևերը կախ, ուսերը մի քիչ վեր բարձրացրած, ուղիղ կանգնել էր։

— Խելացի կերևա,— ասաց պարոն Աշուրը։

Փալանճի Գրիգորն ուռեց։

— Ինչ որ տեսեր է աչքը, էն ըլ սորվեր է, վարժապետ,— ասաց նա։

Երեք տարի հաճախեց Թորիկը պարոն Աշուրի վարժատունը և հազիվ կարողացավ սովորել հայոց լեզվի տառերը, իսկ կարդալը՝ երբեք։

Թուրվանտա Քորոն համառորեն պնդեց, որ Թորիկը դպրոցը պետք է շարունակի։

— Խելքին բան չի պառկիր,— թեթևակի առարկեց Փալանճի Գրիգորը։

— Օր մըլ կպառկի,— հակաճառեց Թուրվանտա Քորոն։

  1. Տախտակի կտորը, որի վրա գրվում էր այբբենարանը։