Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դնենք, ալ ուրիշ մարդ չունինք, Թորիկն է,— ասաց Թուրվանտա Քորոն և համբուրեց այն երեսը, որ կերել էր ապտակը։


Է

Ժամանակը սահեց այնպես, ինչպես միշտ։

Փալանճի Գրիգորը, ինչպես եղավ, մեռավ. ո՛չ հիվանդ պառկեց, ո՛չ էլ ոտի վրա մաշվեց, այլ մի օր խանութից տուն եկավ թե՝

— Թուրիկ, վրաս սրսփուք եկավ։

Թուրվանտա Քորոն պառկեցրեց նրան, ոտները բրդե վերմակով փաթաթեց, տաք աղյուս դրավ, բայց հաջորդ առավոտ Փալանճի Գրիգորն այլևս չկար, իր բոլոր հաշիվները մաքրել էր աշխարհի հետ։

— Թուրիկ մոքոր, հեչ մի լար, քանի ես սաղ եմ, դուն իմ մերս ես, քեզ թուրփի պես կպահիմ,— մխիթարեց մորաքրոջը Թորիկը։

Թուրվանտա Քորոն, լալագին լաց լինելով, փաթաթվեց Թորիկին և ականջին շշնջաց.

— Լուսահոգիի ոսկի ակռան հանե, պետք կըլլի, օղուլ։

Եվ Թորիկը կարողացավ պահել խանութի հաճախորդներին, առևտրից ոչինչ չպակասեց, տարբերությունր միայն այն էր, որ առաջ երկու ձեռք էր աշխատում, այժմ՝ մեկ։

— Առաջ ըլ ուտող բերանն իրեք էր, հիմա՝ երկուք,— ասաց Թուրվանտա Քորոն։ 

Թուրվանտա Քորոն և Թորիկը հիշում էին Փալանճի Գրիգորին միայն այն ժամանակ, երբ մի նոր կանաչեղեն էր դուրս գալիս՝ կոտեմը, առվի կարոսը, մարիամ խոտը, վարունգը, որովհետև Փալանճին սիրում էր այդ կանաչեղենները տուն բերել, հենց որ նրանք երևում էին շուկայում։

— Ողորմած հոգին կովու պես կանաչ կուտեր,— ասում էր Թուրվանտա Քորոն։

— Խիար կա՞ յա, Գրիգոր աղաս խիարի համար կը սատկեր,— ձայնակցում էր Թորիկը։