— Հը՞, քնթիդ հովը իջա՞վ,— հարցնում էր Փալանճի Գրիգորը:
Թորիկը, առանց պատասխանելու, վերցնում էր մախաթը և սկսում աշխատանքը։
Անախորժություններ պատահեցին և վաճառքի շուրջը։ Փալանճի Գրիգորի բացակայության Թորիկը փալան էր ծախում ավելի պակաս գնով, քան ծախս էր նստել իրենց վրա։
— Ինչո՞ւ աժան ծախեցիր,— հարցնում էր Փալանճին։
Թորիկը, սառած աչքերով, նայում էր Փալանճուն և չէր պատասխանում։
— Պատասխան տուր, հայվա՛ն։
— Բան մըն էր՝ եղավ, ալ չեմ ըներ։
— Ծո՛, էս քանի՞երորդ անգամն է, գլխուս ցեց դարձար, շա՛ն զավակ։
Այդ օրերից մեկում Թորիկը գիշերը տուն եկավ հարբած։ Մի երևույթ, որ երբեք չէր պատահել։
— Քա՛, էս ի՞նչ բան էր, է՜ս էր պակաս,— գոռգոռաց Թուրվանտա Քորոն և զարկեց ծնկներին։
Բայց, առավոտյան, Թուրվանտա Քորոն, շոյելով Թորիկի գլուխը, հարցրեց հարբած լինելու պատճառը։
Թորիկը պատասխանեց.
— Հորս, մորս քով երթամ պառկիմ՝ ավելի աղեկ է։
— Ինչո՞ւ։
— Գրիգոր աղաս ընծի շատ նեղություն կուտա,— գանգատվեց Թորիկն արցունքոտ աչքերով։
Այնուամենայնիվ, ժամանակը սրբեց ամեն բան. այսպես թե այնպես Թորիկը սովորեց փալանի արտաքին ձևավորումը, սովորեց գները, սովորեց վաճառքի գաղտնիքները։
Անախորժությունները վերջացան։
Եվ մի իրիկուն Փալանճի Գրիգորը մի քանի ծանոթներ հրավիրեց իր տունը, օղի հրամցրեց, կանչեց Թորիկին, մոտը կանգնեցրեց, մի ապտակ զարկեց և ասաց.
— Ալ վարպետ ես, խոսք չունիմ։
Թորիկը խելագարվելու աստիճան ուրախացավ։
— Է՛հ, Թորիկս ժմնեց, մեկնումեկս գլոխնիս գետինը