Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ըսին,— հետաքրքրվեց Թորիկը, բայց դողում էր հավանական պատասխանից։

— Կնիկը ի՞նչ ըսե՝ աղեկ է։

Թորիկը լռություն պահեց։ Ներքուստ ցանկանում էր իմանալ, բայց արտաքուստ անտարբերություն ձևացրեց։ Թուրվանտա Քորոն շարունակեց.

— «Ես կարծեցի՝ եկեր ես խնդրես, որ մեր լվացքը դուն ընես», կըսե։

Թորիկը, առաջին անգամ լինելով, փողոցային մի հայհոյանք շպրտեց Իգնատ աղայի կնոջ հասցեին, որին Թուրվանտա Քորոն արձագանք տալով՝ ասաց.

— Ես էլ։

Թուրվանտա Քորոն և Թորիկն ավելի ցած իջան և եկան կանգ առան արհեստավորների վրա։ Համոզված լինելով, որ քաղաքում գտնված որևէ արհեստավոր սիրով և փութկոտությամբ պիտի համաձայներ իր աղջկան Փալանճի Թորիկին կնության տալու, նստեցին և երկար ու բարակ ընտրություն կատարեցին...

— Հացագործ Սիմոյին աղջիկը...

— Աղեկ է, բոյը կարճ է,— առարկեց Թորիկը։

— Պատշարող Օղասաբին աղջիկը, պզտլիկը...

— Աղեկ է, մազը դեղին է, խոշիս չի գար։

— Մսագործ Աստուրին աղջիկը։

— Քիչ մը դուրս ընկած կերևա։

— Կոշկակար Թորոսին մենծը...

— Հի՛, հի՛, հի՛...— ծիծաղեց Թորիկը։

Թուրվանտա Քորոն շալը քաշեց գլխին և ուղիղ կոշկակար Թորոսին տունը գնաց։

Մեծ աղջիկը, Լուսնթագը, սուրճ բերեց Թուրվանտա Քորոյին։

— Քա, Լուսնթագիս տես, մենծցեր, բոյը, բոսը...— գովաբանեց Թուրվանտա Քորոն և խոսքը բաց արավ։

— Թուրվանտա Քորո, ատոր խոսքը հեչ չընես, աղջիկս մինչև դպրոցը չվերջացնե՝ չեմ կարգեր,— պատասխանեց մայրը և դրանից հետո այնպիսի երես արավ, որ Թուրվանտա Քորոն մնաս բարով արավ և դուրս ելավ։