Կոշկակար Թորոսից հետո, մեկը մյուսի ետևից, Թուրվանտա Քորոն, առանց Թորիկի հետ խորհրդակցելու, մտավ մսագործ Աստուրի, պատշարող Օղասաբի, հացագործ Սիմոյի տները և բոլորից էլ մերժողական պատասխան ստացավ։ Պատշարող Օղասաբը մինչև անգամ վիրավորվեց.
— Թորիկդ քիչ մի կով է,— ասաց նա։
Բացի այս արհեստավորներից, նոր արհեստավորների ցուցակ պատրաստեցին, և հերթով բոլորի տներն էլ մտավ Թուրվանտա Քորոն ու բոլորից էլ մերժողական պատասխան ստացավ։
Թորիկն այս անհաջողություններից ծայր աստիճան ջղայնացավ և ով որ մերժում էր աղջիկը տալ իրեն, հայհոյում էր։
Թորիկի համար աղջիկ գտնելը դարձավ և հարևանների խոսակցության առարկա։ Թուրվանտա Քորոն, միամտորեն, գնում էր և պատմում էր, թե ով ինչ պատասխան տվեց, կարծելով բոլորն էլ իրավունք պիտի տային իրեն թե՝ պարզապես աղջկան բախտը կքոռցնեն։
Նա եկել էր մի եզրակացության.
— Որբ է, բախտ չունի,— ասում էր:
Հարևաններից մեկը մի օր եկավ ու ասաց Թուրվանտա Քորոյին.
— Քա՛, Թուրի՛կ, Թորիկիդ համար աղջիկ գտեր եմ։
— Քա՛, ի՞նչ կըսես։
— Աղջիկ, կաթը իստակ, գլուխը կախ։
— Ո՞վ է, ըսե։
— Օվակիմին աղջիկը։
Թուրվանտա Քորոյի մարմինը փուշ-փուշ եղավ։ Նա հասկացավ, թե ում էր ակնարկում, բայց սուտ չհասկանալու տվեց։
— Ի՞նչ Օվակիմ,— հարցրեց նա։
— Քա՛, Օվակիմը չե՞ս ճանչնար։
— Աղքատ Ղազարո՞սը...
Տիրեց լռություն։ Օվակիմին Աղքատ Ղազարոս էին կոչում, որովհետև ծայրահեղ թշվառ մի մարդ էր, ուներ հինգ