Աղքատ Ղազարոսը պատասխան չտվեց՝ վախենալով հավանական կռվից:
Մի քանի օր հետո մի ուրիշն առաջարկեց իրենց արտաքնոցը մաքրելու. Աղքատ Ղազարոսը գոռոզությամբ պատասխանեց.
— Ա՛ֆ կընես, քու արտաքնոցդ դուն մաքրե, քիթդ չընկնիր:
Առաջարկողն ապշեց։ Խենթացե՞լ էր Աղքատ Ղազարոսը, ի՞նչ էր պատահել։ Դեռևս տասն օր առաջ, երբ Օվակիմը տուն էր վերադարձել և տեսել, որ իր հարևաններից մեկը մի ուրիշ թաղից մարդ էր հրավիրել իր տան արտաքնոցը մաքրել տալու համար, Օվակիմը մոտեցել էր իր արհեստակցին և ասել.
— Չամչցա՞ր, իմ բերնիս մեջ եղած հացը դուն կերար։
Շուտով պարզվեց այդ գաղտնիքը։
Ամերիկայից եկած մի երիտասարդ նշանվել էր Աղքատ Ղազարոսի մի աղջկա հետ, մյուս երկուսին էլ նշանել էր Ամերիկայում գտնված իր երկու հորեղբորորդիների հետ և շուտով մեկնելու էր Ամերիկա, խոստանալով ոչ միայն մնացած երկու փոքրիկ քույրերին հետը տանել, այլև ծնողներին։
Ամերիկայից եկած երիտասարդը Աղքատ Ղազարոսի ափի մեջ համրել էր երկու հարյուր դոլլար և ասել.
— Հայրիկ, ասկեց ետքը ոտքերդ տնկե ու պառկե, ալ գործ մ’ըներ, մենք դրամ շատ ունինք, ամեն բան օլրայթ է:
Իսկ Թուրվանտա Քորոն համառորեն ասում էր ամեն տեղ.
— Ինչքան ոտքս ընկան, ինչքան կենկեղցան, կերեկցան, որ մեկը Թորիկիս համար ուզիմ, չուզեցի:
Երբ Թորիկի ականջն ընկավ, որ մորաքույրն այդ տեսակ ստեր է տարածում, ասաց.
— Թուրիկ մոքոր, ինչո՞ւ սուտ կփչես, էդ սուտը որո՞ւն կօգնե, իշտե տես, կնիկ չունիմ։
Թուրվանտա Քորոն ոչինչ չկարողացավ պատասխանել։
Եվ Թորիկն այրվում էր, մանավանդ երբ ամերիկահայը հագցրեց Աղքատ Ղազարոսի աղջիկներին և դուրս բերեց փողոց, ինչպես Ամերիկայում։