Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ Աղքատ Ղազարոսը փողոց ելավ եվրոպական կոստյումով, օսլայած օձիքով և թևնոցով։ Երբ Թորիկենց տան առաջից էր անցնում, Թուրվանտա Քորոն նախանձից ուղղակի պատռվեց.

— Բեղերը տես, աղջիկները ծախեց, ի՛նչ դարձավ,— մրթմրթաց։

— Ինչո՞ւ ծախեց,— մեջ ընկավ Թորիկը,— մարդը պարզապես աղջիկները նշանեց, դուն կտրիճ ըլլեիր, դուն առնեիր։

— Քա՛, ի՞նչ կըսես,— զայրացավ Թուրվանտա Քորոն։

— Թուրիկ մորքոր, աչքիս մեջ նայիր, լեզուդ կտրե, տակդ դիր, էս գործի մեջ մենք կերանք, դե՛, հիմա հարս գտի, տեսնամ։

— Կգտնամ, հեչ մի վախնար,— պատասխանեց Թուրվանտա Քորոն, բայց հոգում ահավոր վախ էր զգում, էլ հույս չէր մնացել։ Դեռևս մի օր առաջ, Թորիկից գաղտնի, նորից գնաց մի աղջիկ ուզելու և ստացավ սարսափելի պատասխան.

— Եկեր ես իշու համար աղջի՞կ կուզես, իշու տալու աղջիկ չունինք։


Ժ

Մի առավոտ Թորիկը մռայլ կանգնեց խանութի առաջ: Չէր ուզում բաց անել, ոտները դեպի գինետունն էին թեքվում, բայց անզգայաբար, սովորության ուժով՝ բանալին խրեց կողպեքի մեջ։ Հազիվ ներս էր մտել, մեկը կանգնեց դեմը.

— Թորիկ...

— Աղեկ կընես, չխոսաս, անցնես երթաս, մախաթը սիրտս խոթես, արին չելլար,— կտրեց Թորիկը։

Բայց նորից, սովորության ուժով, նստեց մի փալանի առաջ և հազիվ մախաթը փալանի մեջն էր կոխել, երբ ընկերներից մեկը ներս ընկավ.

— Բարի լոս, Թորիկ։