Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընկերը գնաց դուրս՝ կրկին խոսք վերցնելով, որ գիշերը կպատահեն Աղանիկենց ծառի տակը։

Թորիկը նստեց կիսավարտ փալանի առաջ, վերցրեց մախաթը, բայց չկարողացավ շարունակել աշխատանքը, նրա մտքի փոքրիկ աշխարհում բարձրացան տարօրինակ պատկերներ, մեկը մյուսից ավելի գունագեղ, մեկը մյուսից ավելի ահեղ։

— Թորիկ, ինտո՞ր ես։

Ոչ մի պատասխան։ Թորիկը ոչինչ չէր լսում, նա տարված էր անսովոր երևակայությամբ, որ միատեսակ չէր, երբեմն ուրախ, բարձր տրամադրություն և երբեմն մարմինը փուշ-փուշ անող սարսուռ, սարսուռն այն հեռապատկերի, որ կարող էր հանկարծ իմացվել քաղաքում։

Անառակ կին... զարհուրելի էր։

Թորիկը հիշեց մի քանի դեպքեր. Պոլսից եկած ուսուցիչ պարոն Բուռնազյանին փողոցները ման ածելով՝ թքեցին երեսին և խայտառակեցին, փաստաբան Կուլեսերյան էֆենդիի մեծ տղային բռնեցին փողոցում և, իբրև նշավակ անլուր, սրիկայության, երեսին մարդկային կղկղանք քսեցին, թոփալ Արթինը կես-գիշերով ստիպված եղավ փախչել քաղաքից և էլ չվերադարձավ։ Անվերջ էր դեպքերի շարանը։ Բայց Թորիկին ոչ մի ահ չպատճառեց այդ բոլորը։

Եվ գիշերը մարդկային մի ստվեր մոտեցավ Աղանիկենց ծառին։

— Ո՞վ է,— ձայն տվեց մեկը։

— Ես եմ, Թորիկը։

— Ուշացար, ծո։

Թորիկը բռնեց ընկերոջ ձեռքը։

Լռություն։

— Երթանք, ուշացանք։

— Քիչ մի սպասե։

Թորիկն իրեն հաստատ գետնի վրա չէր զգում, նրա ամբողջ մարմնում թռիչք կար, մի անծանոթ երգի բեկորը կրկնվում էր նրա ուղեղում։

— Երթանք։

Ընկերը Թորիկին գրեթե բռնի առաջ մղեց։