Թորիկը չիմացավ, թե ինչպես գրկեց ոսկեգույն մազերով աղջկա մեջքը և սեղմեց։
Առաջին անգամն էր, որ Թորիկն այդքան մոտիկից էր հպում մի կնոջ, առաջին անգամն էր, որ մի կնոջ շունչը դիպչում էր իր երեսին, առաջին անգամն էր, որ կնոջ յուրահատուկ բուրմունքը խռովում էր նրա ռնգունքները։ Այդ բուրմունքն ավելի թարմ էր, քան փշենու դեղին ծաղիկի բուրմունքը։ Պինդ, կոպիտ թևերով գրկած աղջկա մեջքը՝ նա ուզում էր ասել, որ «ես քըզը կը սիրիմ», բայց նախադասությունը խեղդվեց կոկորդում և փոխանակ այդ ասելու, ասաց.
— Խնձոր կսիրի՞ս։
— Այո, կսիրեմ։
— Երթամ քըզի համար խնձոր բերիմ,— անկեղծորեն և ջերմությամբ առաջարկեց Թորիկը։
— Ոչ, ոչ, հարկավոր չէ,— կտրեց աղջիկը։
— Չէ, երթամ բերիմ։
— Կերթաս և ալ չես գար։
— Ալ չեմ գա՞ր, աշխըրքի որ ծարն ըլ երթաս, ետևեդ կուգամ,— սրտաբուխ բացականչեց Թորիկը։
Աղջիկը խորապես հավատաց նրան։ Նրա խոսքերի մեջ կար և՛ պարզություն, և՛ խորություն։
— Կը հավտա՞ս,— հարցրեց Թորիկը։
— Կը հավտամ,— պատասխանեց աղջիկը և փաթաթվեց Թորիկին։
Թորիկը համբուրեց նրան։
Այս համբույրը հրդեհեց Թորիկին, այրվում էր նրա մարմնի ամեն մի մասնիկը։ Ուզում էր խոսել, սրտումը շատ բան կար դուրս թափելու, բայց լեզուն սայթաքում էր, նայում էր աղջկան, նրա նվաղկոտ, կապույտ աչքերին, կարմիր ներկած շրթներին, ոսկեգույն ծամերին և խելահեղ սեղմում էր նրա մեջքը։
— Ծո՛, Թորի՛կ, ինտո՞ր է,— հանկարծ հարցրեց ընկերը։
— Ալ մի հարցներ,— պատասխանեց Թորիկը և նորից համբուրեց աղջկան։
Ընկերը և մյուս աղջիկը կոպիտ ծիծաղեցին։