— Իշություն չուզեր։
Ընկերը նորից թխկացրեց ապակին։
— Աման, սխալ տեղ չըլլի՞։
Ընկերը, առանց ուշադրություն դարձնելու, նորից թխկացրեց, այս անգամ մի քիչ ավելի ուժեղ։
Հանկարծ, դանդաղորեն և ծայր աստիճանի զգուշությամբ, կիսաբացվեց խրճիթի դուռը։
Թորիկի սիրտը թռավ։
Ընկերը մոտեցավ դռան։ Ինչ-որ փսփսացին։
— Ծո՛, Թորի՛կ, եկուր։
Թորիկը չիմացավ, թե ինչպես ոտները սահեցին դեպի դուռը։ Մտան մի մութ միջանցք։ Դուռը փակվեց։ Մթնում մեկը բռնեց Թորիկի ձեռքը։ Ընկերոջ ձեռքը չէր, փափկուկ էր, փոքր։
Հանկարծ միջանցքը կիսով չափ լուսավորվեց, երբ բացվեց լուսավոր սենյակի դուռը։
Սենյակի դուռը բաց արավ կիսամերկ մի աղջիկ, ոսկեգույն մազերով, սպիտակ, փոքրամարմին։
Սենյակում կար մի երրորդ աղջիկ, որ երկարել էր անկողնի վրա։
— Քանի՞ հոգի են,— հարցրեց այդ վերջինը։
— Երկու,— պատասխանեց դրսի դուռը բաց անող աղջիկը։
— Է՛հ, ուրեմն, ես կրնամ քնանալ,— ասաց նա և շուռ եկավ դեպի պատը։
Թորիկը կանգնել էր սենյակի մեջտեղը և չի կարելի ասել, որ տեսնում էր որևէ բան։ Ամեն ինչ թվում էր մշուշում, քողարկված։ Նրա սիրտը ճնճղուկի նման թպրտում էր կրծքի վանդակի մեջ։
Մոտեցավ ոսկեգույն մազերով աղջիկը, բռնեց թևից, տարավ և նստեցրեց իր անկողնու վրա։ Ընկերը և դուռը բաց անող աղջիկը նստեցին մյուս անկողնու վրա։
Երբ Թորիկը նստեց աղջկա անկողնին, նրան թվաց, որ թռավ սպիտակ ամպի մի կույտի վրա։ Աղջիկը բարձրացավ, նստեց Թորիկի ծնկներին։