— Ձեր տո՞ւնը, ինչո՞ւ։
— Կուզիմ քըզի էս ճամփայեն հանել, մեղք չե՞ս, որ հոս մնաս:
Այդ բառից վայրկենական լցվեցին Անժելի կապույտ և նվաղկոտ աչքերը ջինջ արցունքով։
— Աղջկան ինչո՞ւ լացցնես, ծո,— կշտամբեց ընկերը։
— Դուն քու քիթդ մի խոթեր էս բանին մեջ,— սաստեց Թորիկը նրան և դառնալով Անժելին՝ շշնջաց.— մի լար, հրեշտակս, քըզի տանիմ տուն, խանըմի պես պահիմ։
Անժելն զգաց այս կոպիտ ոսկորներով մարդու անկեղծությունը և զգացումի նրբությունը, փաթաթվեց նրա վզով ջերմությամբ և գորովանքով։
Թորիկը շոյեց նրա թշերը։ Թորիկի ձեռքերը Անժելի թշերի վրա թողնում էին կարծր խոզանակի տպավորություն, բայց սիրտը թրթռում էր այդ շոյումից։
— Տունին մեջը մորքոր մի ունիմ, ուրիշ մարդ չունիմ,— շշնջաց Թորիկը։
— Իսկ եթե մորաքույրդ չուզե,— տարակուսեց աղջիկը:
— Բերնի՞ն է ընկեր,— հպարտությամբ պատասխանեց Թորիկը և շարունակեց,— տունն իմս է, ունեցածդ չունեցածդ ժողվռտե, երթանք տուն։
— Թող մնա առավոտյան։
— Չէ էս գիշեր տի տանիմ, ալ չեմ ուզեր, որ էստեղ մնաս։
Աղջկան պաշարեց տարակուսանքը։ Ո՞ւր գնար անծանոթ մի մարդու հետ, թերևս տաներ, չարչարեր մինչև լույս և հետո բաց թողներ...
— Ձեր տունն ո՞ւր է,— հարցրեց Անժելը, որպեսզի մի կերպ կասեցնի իր ուղեղը խուժող մտքերը։
— Մենծ աղբիրը գիտե՞ս, աղբրին դեմն է։
— Առավոտ երթանք։
— Չէ, հիմա, ելիր ժողվռտե։
— Մորաքրոջդ նեղություն կըլլա գիշերը։
— Թուրիկ մորքորս քեզ տեսնա, կխենթանա, հայդե, երթանք։