Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անժելը չպատասխանեց, չէր կարող վանել տարակուսանքի ալիքներն ուղեղից, թեև սրտում ոչ մի վախ չկար։

— Կուզես նը՝ էս գիշեր մորքորիս ծոցը պառկիր,— առաջարկեց Թորիկը,— առտուն ըլ, կանուխ, կերթանք տերտերին, կպսակվինք։

Անժելը վայրկենապես վեր կացավ, մահճակալի տակից քաշեց պայուսակը, մի քանի ճերմակեղեններ դրեց մեջը, վրան քաշեց երկար վերարկուն և դրեց գլխարկը։

— Քա, ո՞ւր,— հարցրեց մյուս աղջիկը։

Անժելի փոխարեն Թորիկը պատասխանեց։

— Մեր տունը։

Աղջիկը և ընկերն ապշեցին։

— Ի՞նչ ապուշ-ապուշ կնայիք, կնիկս է։

Անժելը, երբ լսեց այդ համարձակ ու անկեղծ հայտարարությունը, բռնեց նրա թևը և գլուխը դրեց նրա կրծքին։

Թորիկը գրկեց նրան, բարձրացրեց և ասաց.

— Հրեշտա՛կս, թռիր։

Անժելը վերջին անգամ մոտեցավ քնած ընկերուհուն և համբուրեց նրան։ Աղջիկը ընդոստ մոտեցավ, կարծելով, որ իր համար էլ հաճախորդ է եկել, բայց երբ տեսավ Անժելին արդեն գլխարկով և վերարկուով, զարմացավ։

— Ո՞ւր կերթաս։

— Մեր տունը,— պատասխանեց Թորիկը և վերցրեց Անժելի պայուսակը։

Անժելը համբուրվեց և մյուս աղջկա հետ։

— Եկուր, մեզի տես,— ասաց նա։

— Չէ, ալ հոս չի գար, աֆ կընես,— պատասխանեց Թորիկը։

Փողոցի մթնում Անժելը սեղմվեց Թորիկին և հարցրեց.

— Ուղիղ ձեր տո՞ւնը պիտի երթանք։

— Ըսե՝ մեր տունը։

— Մեր տունը,— կրկնեց Անժելը և ձեռքը տարավ կրծքին։

Նրա սիրտը դուրս էր թռչում։ Նորից բոլորովին հակադիր զգացումներ պաշարեցին նրան՝ ուրախություն և մի տեսակ