Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վախ որ առաջ էր գալիս անորոշ և անծանոթ դրությունից:

— Ոչ, այս կոպիտ, անտաշ մարդն ինձ չի խաբեր,— կրկնեց Անժելը մտքում և քայլեց կպած Թորիկին։

— Խոնջենաս նե՝ ըսե, քըզի դնիմ ուսիս վրա, տանիմ մինչև տուն։

— Չէ, չեմ հոգնի,— պատասխանեց Անժելը։

Երկինքն ավելի էր ցածրացել, աստղերը կարծես թափվում էին աչքերի մեջ. Թորիկին թվաց, որ փշենիների ծաղիկների բույրը Անժելի բույրն էր՝ թարմ ու թովիչ։


ԺԱ

Թուրվանտա Քորոն քնել էր, երբ Թորիկը վառեց ճրագը և ձայն տվեց.

— Թուրիկ մորքոր, ելիր, կնիկ եմ բերեր։

Թուրվանտա Քորոն ցատկեց անկողնուց և քնաթաթախ աչքերով տեսավ Անժելին, որ դողդոջուն կանգնել էր սենյակի դռան մոտ։

— Քա՛, ի՞նչ կըսես,— բացականչեց Թուրվանտա Քորոն և ճմռեց աչքերը քունը փախցնելու համար։

— Տե՛ս, կնիկս տե՛ս։

Անժելը, վախից բռնված թռչունի պես, նվաղկոտ և կապույտ աչքերով, նայեց Թուրվանտա Քորոյին։

— Քա՛, հրեշտակ կնմանի։

— Անունն էլ հրեշտակ է,— հպարտությամբ հայտարարեց Թորիկը։

Թուրվանտա Քորոն գրկեց Անժելին և չափչուփ համբուրեց.

— Թուրիկ մորքոր, անոթի ենք, բան-ման բեր՝ ուտենք։

Թուրվանտա Քորոն փութկոտությամբ վազեց դուրս։

— Նստե, հրեշտակս, իշտե էս տունը քուկդ է, բոլորը քուկդ է, բոլորը,— ասաց Թորիկը։

Անժելը դիտեց մաքուր, անպաճույճ շրջապատը և սկսեց լաց լինել։