Անժելը հասկացավ նրա միտքը, մոտեցավ Թորիկին, համբուրեց և ասաց.
— Մինչև մահս ոչ մեկ տեղ չեմ երթար, ես քուկդ եմ։
— Հրեշտակս, գառնուկս, աղվորս...
Թորիկը վազեց խանութ։
Երբ Թուրվանտա Քորոն և Անժելն սկսեցին տան աշխատանքը, Անժելը հարցրեց.
— Թորիկն ի՞նչ գործ կընե։
— Փալանճի է,— պատասխանեց Թուրվանտա Քորոն և ուշադրությամբ նայեց Անժելին՝ իմանալու համար, թե ինչ տպավորություն է գործում։
Անժելը լսեց անտարբեր։
— Կը հավնի՞ս,— ի վերջո հարցրեց Թուրվանտա Քորոն։
— Ինչո՞ւ չէ։
Թուրվանտա Քորոն չհավատաց։ Անժելը նշմարեց նրա տարակուսանքը դեմքի վրա։
— Թուրիկ մայրիկ, ամեն արհեստ պատվավոր է,— ասաց նա։
Թորիկը խանութում երկար չկարողացավ մնալ, խնդրեց հարևանից՝ նայել իր խանութին, ինքն շտապեց տուն։
— Տեսնամ հրեշտակս ի՞նչ կընե,— մտածեց նա։
Անժելը սենյակի բոլոր իրերը թափել էր դուրս և, բոբիկ ոտներով, լվանում էր հատակը ոսկեգույն մազերը փաթաթած մի սպիտակ շորով։
— Հրեշտակս, ի՞նչ կընես,— հարցրեց Թորիկը ներս մտնելով։
— Մեր սենյակը կլվանամ,— ասաց Անժելը և ժպտաց։
— Ես քուկին ոտքերը սիրեմ,— ասաց Թորիկը, կռացավ և համբուրեց նրա ոտները։
Անժելը վեր քաշեց նրան, փարվեց նրա շրթներին և ասաց.
— Թորիկ, հոգիս...
Երբ Թորիկը նորից դեպի դուռն ուղղվեց խանութ գնալու, Անժելը նայեց նրան և շշնջաց.
— Դուն դեմ չե՞ս, որ ես քիչ մը սենյակի ձևը փոխեմ։