— Էս բոլոր տունը քուկդ է, ինչպես կուզես, էնպես ըլ ըրե, ինչ ընես՝ իմ ընդունակս է։
Անժելը թռչկոտեց։
Երեկոյան, երբ Թորիկը տուն վերադարձավ, գրեթե չճանաչեց իր տունը, բոլոր կահ-կարասիների տեղերը փոխված էին, ավելի հարմար և ավելի ճաշակով դասավորված, հակառակ այն իրողության, որ ոչ մի նոր կարասի չէր ավելացած, ոչ մի առարկա ուրիշ առարկայով չէր փոխարինված։
Թորիկը երկար և զմայլանքով դիտեց տունը և զգաց, որ իր հոգում ծագած երեկվա լույսն այսօր ավելի է լայնացել։
— Հրեշտակս,— ասաց Թորիկն անկեղծորեն,— խոնջեցեր ես, էս գիշեր շուտ պառկիր։
Անժելը, առանց կեղծելու, հավաստիացրեց, որ երբեք չի հոգնել և եթե աշխատանք լինի, ողջ գիշերը կանի։ Թորիկը չհավատաց նրան, որովհետև երբեք չէր կարող երևակայել այն մաշող հոգնությունը և այն հոգու մռայլությունը, երբ ամեն գիշեր ստիպված էր նա նոր հաճախորդներ ընդունելու:
Օրերը թռչում էին աղավնիների նման Անժելի և Թորիկի համար, բայց քաղաքում ծայր առավ և աճեց գարշելի բամբասանքը։
— Ծո՛, լսե՞ր ես, փալանճի Թորիկը բոզ է բերեր տունը։
Եվ Թորիկին մատով էին ցույց տալիս։ Մինչև անգամ այն ընկերը, որ պատճառ եղավ, որ Թորիկը ծանոթանա Անժելի հետ, կապերը խզեց Թորիկից.
— Ծո՛, էդ կնիկը տեսավ, չտեսավ, կատվի ձագի պես խածավ, տուն տարավ,— պատմում էր նա բոլորին։
Թուրվանտա Քորոն թեև լռեց, «լեզուն տակը դրավ»՝ ինչպես ինքն էր ասում, բայց չկարողացավ հաշտվել ահավոր եղելության հետ — իր հարսը անառա՜կ։ Սարսափելի։