— Թուրվանտային հարսին չափ ըլ չի կաս, մեկ մատը քեզ արժե։
Եվ ժամանակի ընթացքում Թուրվանտա Քորոյի մեջ ծնունդ առավ խոր խղճահարություն դեպի մի անմեղ, հավատարիմ, հնազանդ և հազար ու մի հունարներով օժտված այս աղջիկը, և այդ խղճահարությունը փոխվեց անսահման մայրական սիրո։
Անժելը մի օր Թորիկի գուլպաներն էր լվանում, երբ Թուրվանտա Քորոն ներս մտավ, մոտեցավ Անժելին, բռնեց նրա օճառոտ ձեռները, քաշեց, փաթաթեց իր մեջքին, ինքն էլ գրկեց նրան և սկսեց լաց լինել։ Անժելը գլխի ընկավ, թե ինչու լաց էր լինում և զգաց, որ այդ արցունքները զովացնում էին նրա հոգին։
— Հարսնուկս, աղվոր հարսնուկս, քըզի պեսը չի կա աշխըրքի մեջ, ես քեզ մեղա, ձագուկս․․․— հեկեկաց Թուրվանտա Քորոն։
Անժելը ոչինչ չպատասխանեց, ավելի սեղմորեն փաթաթվեց նրան և իր արցունքներն էլ խառնեց նրա արցունքներին։
Թորիկը, լսելով այս, խելահեղ ուրախության մատնվեց։
— Աշխըրքի մեջ կնիկ մի ունիմ ու մեկ հատ ըլ մորքոր, մնացած աշխըրքին․․․
Երջանկությունից հայհոյում էր Թորիկը, վեր-վեր ցատկում, մեկ կնոջն էր գրկում, մեկ՝ մորաքրոջը։
Հաջորդ օրը, առավոտյան, Թուրվանտա Քորոն ասաց Թորիկին.
— Թորիկ, ձագուկս, էսօր հարսնուկս բաղնիք տի տանիմ։
Թորիկը հրճվանքից չկարողացավ խոսել, երկար և գորովագին նայեց մորաքրոջը, ձեռքը տարավ նրան և ասաց.
— Օդային մեջը լողցուր։
Բաղնիսում երբ Անժելը մերկացավ, կարծես լույս արձակվեց նրա մարմնից, այնքան մաքուր և սպիտակ էր նրա մարմինը։
Բոլորը նայում էին նրան զմայլանքով։ Չէ՞ որ գեղեցկությունը