ծաղկանկարված ժիլետին փոխարինեց սպիտակ շապիկը՝ օձիքով և թևնոցով:
Այս բոլորը կատարվեց Անժելի ձեռքով, նրա հնարամտությամբ ու ճաշակով։
Անժելն առաքինի էր բառի լայն իմաստով. ոչ մի կին այս աշխարհում այնքան հավատարիմ չէր եղել դեպի իր ամուսինը, որքան Անժելը, կապույտ ու նվաղկոտ աչքերով և ոսկեգույն ծամերով այս աղջիկը։
Որքան դուրսը բամբասանքն աճում էր, այնքան խորանում էր Անժելի մեջ երախտագիտության զգացումը դեպի փալանճի Թորիկը, այդ կոպիտ և անտաշ մարդը։
— Ես քեզի համար ամեն բան կընեմ, Թորիկ, հոգիս, դուն ինձ ազատեցիր այդ ճամփայեն,— ասում էր Անժելը, գրկում Թորիկին և ցողում իր հրճվանքը մի քանի կաթիլ զով արցունքով, որ վազում էր կապույտ և նվաղկոտ աչքերից։
— Էդ ճամփան ալ մի հիշեր,— ասում էր Թորիկը և շոյում նրա ոսկեգույն ծամերը կոպիտ ձեռքերով, ձեռքեր, որոնք հպել էին միայն մախաթին, չոր խոտին և էշի կռնակին։
Ամեն օր Թորիկը Անժելին մի նվեր էր բերում, թեկուզ շատ աննշան մի իր։ Մինչև անգամ եթե, ըստ սովորության, տունը միրգ բերեր, մի բան, որ անում էր երբ կին չուներ, բերում-դնում էր Անժելի առաջ և ասում.
— Քըզի համար եմ բերել, կեր, գառնուկս։
Թորիկը ճարտար չէր լեզվում։ Նրա ածականները «հրեշտակ» և «գառնուկ» բառերից դենը չանցան, բայց Անժելն զգում էր այդ սովորական բառերի մեջ անսահման ջերմություն և գորովանք։
Ժամանակի ընթացքում բամբասող բերանները հոգնեցին։ Թորիկի և նրա տան կերպարանափոխվելը, Անժելի աչք ծակող առաքինությունը, նրա ճաշակը, նրա շնորհքները հեղաշրջեցին մտքերը։
— Քա՛, կը տեսնա՞ք, անառակեն սուրբ ելավ,— ասում էին։
Մի անշնորհք հարսի սկեսուրը բղավում էր վրան և ասում.