ճանապարհ դրեց և հպարտությամբ փողոցի մեկ վերի կողմը և մեկ վարի կողմը նայեց։
Երբ ներս մտավ Թորիկը, տեսավ Անժելին դեռ թաց ծամերով, մի քիչ կարմրած տաք ջրից՝ ինչպես դժգույն մեխակը, գրկեց նրան, բարձրացրեց, դրեց ուսի վրա և ման ածեց տան բոլոր մասերում հոգու խորագույն երջանկությամբ։
Թուրվանտա Քորոն, ձեռքերը ծալած փորի վրա, դիտեց զմայլանքով ու անսովոր հրճվանքով և ասաց․
— Գրիգոր աղադ սաղ ըլլեր, տեսնար...
— Յա չես ըսեր՝ մերս տեսնար,— շշնջաց Թորիկը։
Թուրվանտա Քորոն հանկարծ հեկեկաց՝ հիշելով խեղճ, դժբախտ քրոջը, որի հողակույտի վրա դեղին կոճակով ապրեմ-չապրեմ էր աճում։
ԺԴ
Օրերը թռչում էին։
Կյանքը Թորիկի և Անժելի համար հոսում էր ուրախ առվակի նման։
Ֆապրիկաթոռի այն աղջիկը, որին ուզելու համար Թուրվանտա Քորոյին վիրավորել էին, ամուսնու հարբեցողությունից և լկտիությունից բարակ ցավ ընկավ ու մեռավ։
Երբ դագաղը տանում էին փողոցից, Թորիկը հարցրեց.
— Ո՞վ է ատ մեռնողը։
— Իշտե էն է,— պատասխանեց Թուրվանտա Քորոն։
— Մե՜ղք,— շշնջաց Թորիկը և տխուր ետ քաշվեց լուսամուտից։
— Քըզի տային, հիմա...
— Չէ,— կտրեց Թորիկը,— աղեկ որ չի տվին։
Թորիկը ամեն առավոտ, խանութ գնալուց առաջ, պատվիրում էր Թուրվանտա Քորոյին։
— Թուրիկ մորքոր, գառնուկիս չի թողուս որ ծանտր բան վերցնե, հա՜։