տղու ասպետական ոգին, փոխանակ ձիեր վարձելու՝ երկու խոշոր էշեր վարձած էր, մեկը՝ նստելու և մյուսն ալ՝ իրեղենները բեռցնելու։
Բուրբոն երբ տեսավ էշերը՝ զայրացավ և մերժեց իշու վրա նստիլ։
— Ձի կուզեմ, գեղեցիկ ձի կուզեմ, աղաղակեց Բուրբոն և ասպետի մը անվայել կերպով լացավ։
Քույրերը միացան իրենց գոռոզ և բողոքող եղբոր հետ և պահանջեցին անպայման երկու միագույն ձիեր վարձել։ Մայրը ուրախութենեն գրկեց փոքրիկ Բուրբոնը, ժպտեցավ և ըսավ.
— Մի լար, աննման յավրուս, քեզի համար ձիեր կը վարձենք, երկու կարմիր ձիեր անպայման, մի լար։
Բուրբոն աչքերը սրբեց, ամոթեն չնայեցավ ոչ ոքին երեսը և սպասեց հոր վերադարձին, որ անմիջապես գացած էր դուրս իր տղուն կամքը կատարելու համար։
Հայրը հրաժարեցավ իշապանին վճարած կանխավճարեն և վարձեց երկու ձիեր, ոչ կարմիր սակայն, անկեղծորեն առարկելով որ ձիապանները երկու կարմիր ձիեր չունեին։
Ձիերեն միայն մեկը կարմիր էր։ Բուրբոնը ներքուստ չհամոզվեցավ, բայց համակերպեցավ պայմանով, որ ինք պիտի նստեր կարմիր ձիուն վրա, իսկ մյուսին՝ պիտի բեռցնեին իրեղենները։
Իրեղենները բեռցուցած ատեն Բուրբոն նշմարեց, որ իր սուրը չիկար։ Հրամայեց իր մեծ քրոջ գտնել սուրը և անմիջապես բերել։ Քույրը վազեց և բերավ։ Ձիապանը առավ սուրը և կատակելով երեխայի հետ՝ կախեց սուրը անոր վրայեն։ Բուրբոն չի հասկցավ ձիապանի հոգեբանությունը։
— Ձիապան մը չի կրնար կատակել ինծի հետ, մտածեց անիկա։
Բուրբոնի սուրը փայտե էր, թեև անիկա շատ լավ գիտեր տարբերությունը փայտին և պողպատին, բայց անոր համար անհրաժեշտը սուրին ձևն էր՝ երկար և կոր, վրան թիթեղյա աստղիկներով զարդարված։
Բոլորին համբուրելե և բոլորեն համբուրվելե հետո՝ գնաց և կանգնեցավ ձիուն քով առանց ցույց տալու, թե չէր