կրնար վրան բարձրանալ։ Հայրը գրկեց և նստեցուց զայն անասունին վրա։ Բուրբոն երկարեցավ և բռնեց ձիուն բաշը, իսկ սանձը մնաց ձիապանին ձեռքը։
— Կեցեք բարով, աղաղակեց Բուրբոն գլուխը վեր ցցած և աչքերը հառած... երկնքին։
Ձիապանը ճանապարհին քանի մը անգամներ նշմարեց, որ փոքրիկ Բուրբոն ձիուն վրա, տարված իր մանկական երազներով, կը քաշեր իր փայտե սուրը և տեսակ մը հրամաններ արձակելու նշաններ կըներ օդին մեջ, սպառնագին պտտցունելե վերջը՝ կը դներ դարձյալ պատյանին մեջ։
Ձիապանը այն ատեն չէր կարող գիտակցիլ թե ով էր իր ձիուն վրա նստողը...
Երբ Խարբերդ հասան, ըստ իր ստացած պատվերին՝ ձիապանը առաջնորդեց Բուրբոնը Ամերիկյան Եփրատ Կոլեջը իր իրեղեններով միասին և հանձնեց զայն գիշերօթիկ հարկաբաժնի գլխավորին, որ ընդունեց փոքրիկ և սիրուն նորեկը սիրալիր ժպիտներով և անմիջապես կարգադրեց 10—15 տարեկան աշակերտներու ննջարանին մեջ մահճակալ մը սարքել անոր համար։
Երբ ծառան շալկեց իրեղենները և տարավ, Բուրբոն հետևեցավ անոր իր փայտե սուրը վրան կախած։ Աշակերտները զարմանքով և հետաքրքրությամբ դիտեցին այս փոքրիկ տղան, իր սուրը և գլուխին բռնած ձևը՝ աքլորի պես հպարտ և առնական։
Երբ իր ննջարանը տեղավորվեցավ, մեկ քանի րոպե հետո՝ ոտքի կանգնեցավ և իր առանցքին վրա կիսաբոլորակի ձևով դարձավ և սկսավ արհամարհանքով դիտել շուրջը։ Մեկ քանի հասակակից աշակերտներ մոտեցան անոր և բաղձացին տեսնել... սուրը։ Բուրբոն քմծիծաղով և մեծ մարդու մը ծանրությամբ տվավ սուրը։ Աշակերտներեն մեկը դուրս քաշել փորձեց զայն պատյանեն, բայց չհաջողեցավ, Բուրբոնը առավ անոր ձեռքեն, քաշեց սուրը պատյանեն, բարձրացուց վեր և պոռաց.
— Պատրա՜ստ, о՜ն...
Պզտիկ աշակերտները ի սրտե նախանձեցան, այս նորեկի այդքան վարժ սուսերախաղի վրա։