Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին։ Իր սուրեն առաջնագույնը իր... անունն էր։

— Բուրբոն... ես եմ, կը կրկներ անիկա անդադար իր մտքին մեջ և հաճախ անգիտակցաբար կարտասաներ բարձրաձայն ուրիշներու ներկայության։

Բուրբոն շուտով դարձավ աչքի զարնող աշակերտ մը վարժարանին մեջ, ոչ թե առաջդիմական ընդունակություններուն համար, այլ իբրև կոկոզավիզ տղա և իբրև... ճարտասան։

Եփրատ Կոլեջի մեջ սովորություն կար, որ նախակրթարանին մեջ աշակերտին գոց սովրեցնել կուտային գրական արտասանելի կտոր մը և շաբաթ օրերը աշակերտը կարտասաներ զայն ցուցնելով իր առոգանության և ճարտասանության ձիրքերը։ Բուրբոն առաջինը հանդիսացավ ճարտասանության մեջ իբրև բնատուր տաղանդ։ Իր ուսուցիչները զինքը սկսան կոչել... պերճախոս։ Երբեմն կը պատահեր, որ Բուրբոն կը մոռնար բուն հեղինակին խոսքերը, բայց անիկա բառ մը, շատ խոշոր և իր խելապատակին մեջ չպարփակվող բառ մը կավելցներ, շարժելով հեղինակը հասկցողներուն ծիծաղը և չհասկցողներուն հիացումը։

Բուրբոն ինք առաջինն էր, որ կը հիանար իր վրա և կը թուլացներ ուրիշներու հիացման զգացումը։

Բուրբոն կերթար ճարտասանության ուսուցչի մոտ և ժամերով կը խնդրեր որ ամեն շաբաթ զինքը բեմ բարձրացնե, մինչդեռ ուրիշ աշակերտներ խույս կուտային։ Կը պաղատեր Բուրբոն, որպեսզի իր համար ընտրեին անպայման ռազմաշունչ ոտանավոր մը։ Օր մը անոր բաժին ինկավ արտասանել Վիկտոր Հյուգոյի մեկ նշանավոր ճառը՝ ուր, ի միջի այլոց, կըսե. «Մարսեյլ, ոտքի հանե քու զավակներդ և դու, Տիժոն, բարձրացուր սուրդ»։ Բուրբոն գիշերներով երազեց հնար գտնել սուր կախելու և «Տիժոն, բարձրացուր սուրդ» արտասանած ատեն քաշելու սուրը և ճոճելու օդին մեջ՝ աշակերտներու գլխներուն վրա սպառնագին և... ծափեր խլելու, բայց արդեն երկու տարվան աշակերտ էր և գիտեր, որ անկարելի էր այդ երազը կյանքի կոչել, բայց անիկա չի դադրեցավ... երազել, քունին մեջ վեր-վեր