Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրիկվան Բուրոն կանչվեցավ գլխավորի գրասենյակը։ Գացած ատեն իր մահճի քովի ընկերը, որ այլևս մտերմացած էր նորեկի հետ և մինչև անգամ անոր անունը գիտեր, զգուշացուց, որ սուրը վար առնե ուսեն և ապա երթա գլխավորի մոտ, բայց Բուրբոն արհամարհական և խիստ նայվածքով մը «ոչ» պատասխանեց և գնաց... սուրով. Բուրբոնը շատ զարմացավ այդ զգուշավորության վրա, որովհետև անիկա իր մտքին մեջ միայն մեկ մտածում ուներ՝ սուրը ցուցնել վարժարանի գլխավորին, մտածում մը, որ մանկորեն և ջերմագին գորովանքով փայփայած էր։ Անիկա կրնար լաց լինիլ, և հիվանդանալ եթե համոզում գոյացներ վայրկյան մը, որ առիթը չպիտի ունենար իր սուրը վարժարանի գլխավորին ցուցնելու։

Գլխավորը ապշությամբ նայեցավ նորեկի վրա և դիտեց զայն ոտքեն մինչև գլուխը։

— Այդ ի՞նչ բան է, հարց տվավ գլխավորր ցուցունելով անոր ուսեն կախված սուրը։

— Իմ սուրս է, ես սուր ունիմ, պատասխանեց Բուրբոն։

— Բայց դպրոցին մեջ այլևս չպիտի պտտցնես, հարեց գլխավորը, այդպիսի բաներ վնասակար են և հակառակ բարի և քրիստոնյա մանուկի մը ոգիին։

Բուրբոն ոչինչ չհասկցավ գլխավորի քրիստոնեական փիլիսոփայութենեն։

Բուրբոն աչք մը պտտցուց իր ուսեն կախված ահեղ գործիքին վրա և մտածեց.

— Ես կսիրեմ սուրը և կպահեմ զայն։

— Ի՞նչ է անունդ, հարցուց գլխավորը։

— Բուրբոն... պատասխանեց անիկա թավ և ծանր շեշտով։

— Բուրբո՞ն։

— Այո։ Բուրբոն...

Գլխավորը ոտքեն մինչև գլուխը դարձյալ զննողական ակնարկ մը պտտցուց։ Բուրբոն շատ լուրջ ընդունեց այդ զննողությունը, անիկա մեծ հավատք ուներ իր անունի պատմականության