Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ինքնաբուխ» և անկարգապահ վայրագությամբ։ Իր ճառերը կամաց-կամաց ստացան տասներորդ և հիսուներորդ «տպագրություններ»։ Օրինակները կը բերեր Հին Դարեն, Նոր Դարեն է միշտ արհամարհելով Միջին Դարը, կաթոլիկ եկեղեցին, օրինակներ կը բերեր... Ապագա Դարեն։ Դժվար էր գուշակել թե Բուրբոնի մտքին մեջ ի՞նչպես կպատկերանար Ապագա Դարը, մշակույթի, փիլիսոփայության, հասարակական իրավակարգի, գիտության և գեղարվեստի (կը ճառեր այս բոլորի մասին) ի՞նչ ձևն էր, որ կը ներկայանար անոր ահավոր երևակայության առջև և արդյոք կը հասկնա՞ր «Ապագա Դար» բացատրությունը, որովհետև իր ճառերուն մեջ իմաստուն ունկնդիրներ ապշած կը լսեին այսպիսի խոսքեր. «Ապագա հսկա և երկար դարերն անգամ կը վկայեն իմ գաղափարներուս ճշտությունը». Բուրբոնի երևակայությունը այնքան էր թռչած առաջ, որ կը գտնվեր ապագա դարերու ներկայության և անոնք իբրև սահմանական եղանակ, ներկա ժամանակ... կը վկայեն։

Մեր դարեն հեռու այս ճառերը իրենց վերջավորության մեջ հիասթափության չէին արժանանար, որովհետև անոնք զարդարված կըլլային զգայացունց աղաղակներով, կիկերոնյան դասականությամբ և անսահման ոգևորությամբ։

Ոչ ոք կրնար հաղթել Բուրբոնին polemic-ի մեջ, որովհետև անիկա իր պատասխաններուն մեջ տեսակետի հետևողականություն չէր հետապնդեր, տրամաբանության գրոշ չէր տար, այլ մեկը մյուսին ետևե կը շարեր անուններ և թվականներ, նախքան զՔրիստոսը չէր տարբերեր Քրիստոսե ետքը կատարված իրողություններեն, իր համար ամեն ինչ մեկ էր, միայն թե արտասանությունը ըլլար բարձրագոչ, հռետորա-ասպետական և ամբոխավարային։ Եթե ամենքն ալ համաձայնեին, որ Բուրբոնի ճառի մեջ տրամաբանություն չիկար և պատմական փաստերը խեղաթյուրված էին, բայց ամենքն ալ կխոստովանեին, որ ճառը ինքնին... պերճախոսական էր։ Բուրբոն կը ճգներ աջողիլ իր բուն նպատակին մեջ՝ հռետորություն։

Նեխած էր Եփրատ Կոլեջի մթնոլորտը։ Կոլեջի միսիոնարական