Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխանությունը ամեն ժամ քրիստոնեական աղոթքներով և Ս․ Հոգու և Որդի Մարդո առասպելներով կուռեցներ ուսանողությունը։ Բուրբոն ներքին մեծ կռիվներով էր զբաղված, իր երևակայության սուրերն ու նիզակները պատերազմ էին հայտարարած քրիստոնեական վարդապետությանը դեմ․ «Սուրը քաշողը սուրով պիտի հատուդվի։ Մեկ երեսիդ որ զարնեն՝ մյուսը դարձուր»։

Սո՜ւրը․․․ Բուրբոնի երևակայությանը մեջ միշտ փայլակնաձև և պատյանեն դուրս, աղիողորմ և ահավոր։

Անիկա եկավ վերջնական եզրակացության, որ կարելի էր դոկտոր կամ պրոֆեսոր դառնալ և սուր ունենալ։

— Տիտղո՜ս, անպայման պետք է կրեմ, կը մտածեր ինքնիրեն։ Իր սենյակին մեջ նստած՝ մատիտը կառներ ձեռքը և սպիտակ թուղթի վրա կը գրեր՝ Դոկտ․ Բուրբոն — զանազան ծաղկագրերով կզարդարեր այս ստորագրությունները, կը ճգներ հարմարցնել իր ստորագրությունը մեծ մարդոց ստորագրությանց և միշտ անընթեռնելի (այդպես էին մեծ մարդոց ստորագրությունները)։

Իր դասընկերները զբաղած էին իրենց առօրյա դասերով և աղջիկներու հետ դարպասելով։ 17—18 տարիքին ասիկա անխուսափելի է կավով շինված մարդոց համար։ Բայց Բուրբոնի հոգին բռնված էր այլ կրակով, և աղջիկներու հրապույրը կարժանանար իր խորագույն արհամարհանքին, սակայն հրճվանքով լսած էր, որ Կոլեջի հարկաբաժնի շատ աղջիկներ սիրահարված էին իր վրա։ Այս բանը Բուրբոնին չէր պատմված, բայց լսած էր։ Բուրբոն իմացականության փոխարեն օժտված էր երևակայությամբ։ Լսած էր անիկա, որ Սիրանուշ անունով ուսանողուհի մը սիրահարված էր իր վրա։ Այսպես էր երևակայած։

— Ես չեմ կրնար սիրել Սիրանուշը կամ որևէ ուրիշ գեղեցկուհի, տրամաբանեց Բուրբոնը, մեծ մարդիկ կիները չեն սիրեր, ինչպես Սոկրատ, Պլատոն և... Ժան դ'Արկ։ Ես չեմ կրնար իմ երիտասարդությունս․․․ զոհել աղջկան մը համար։

Կամաց-կամաց անոր երևակայությունը «թանձրացավ», և որոշեց նամակ մը գրել օրիորդ Սիրանուշի, պարզելով սիրո մասին իր ունեցած տեսակետները։