Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավարտական տարին Բուրբոն ընդհարումներ ունեցավ ուսուցիչներու հետ «Քրիստոսի աստվածության և մարդեղության» շուրջը։ Հայտնի չէր թե այդ ուղղությամբ ի՞նչ գիրք էր կարդացած, պատահմամբ անիկա հարց բարձրացուց Քրիստոսի էության մասին։ Բուրբոնի մտահոգությունը Քրիստոսի ինչ ըլլալը չէր, անոր միակ նպատակն էր... ճառ արտասանել։ Քրիստոս մա՞րդ թե Աստված, միևնույնն էր անոր համար։

Բուրբոնի կողմեն Քրիստոսի աստվածության շուրջ կասկածելը՝ պատճառ դարձավ, որ զայն արգիլեն վարժարանի շրջափակին մեջ ճառ խոսելու։

Եփրատ Կոլեջը գրեթե միջնադարյան համալսարան մըն էր։ Գիտության և արվեստի պրոֆեսորներ կիրակի օրերը իրենց շուրջը կը հավաքեին կանայք բողոքական ժողովարանին մեջ և դասախոսություն կը կարդային «Քրիստոսի անքննելիության» մասին, և «Սուրբ հոգի» կը բաժնեին։

Բուրբոն ըմբոստացավ այս փիլիսոփայությունների դեմ։ Ժողովարանի մեջ մարդիկ ազատ էին զանազան կարծիքներ հայտնելու։ Կիրակի օր մը Բnւրբոն ձայն ուզեց խոսելու։ Անիկա փաստեր չուներ։ Միայն կը ճառեր։ Մեջբերումներ կըներ այնպիսի գրքերե և այնպիսի խնդիրներու շուրջը, որոնք երբեք կապ չունեին շոշափված հարցի հետ։ Պրոֆեսորները մեծ բողոք սարքեցին Կոլեջի Ամերիկյան տեսչության մոտ Բուրբոնի դեմ, որովհետև վստահ էին, որ հասարակությունը կրնար համոզվիլ Բուրբոնի ըսածներուն այնքան քննադատորեն, որքան իրենց կեղծ քարոզներուն։ Քիչ մնաց Ամերիկյան տեսչությունը վռնդեր Բուրբոնը վարժարանեն եթե քաղաքի ազդեցիկ մարդոց միջամտությունը չըլլար, բայց Բուրբոնի վիճակվեցավ տոկալ ահավոր զրկանքի մը — արգիլեցին Բուրբոնի շրջանավարտից ճառ արտասանելը։

Եփրատ Կոլեջի ավանդություններեն մեկն էր վկայական առնողներուն ճառ արտասանել տալ չորս հինգ լեզուներով։ Բուրբոն զրկվեցավ այս շնորհեն։ Պետք է ուժ տալ երևակայության