Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարենալ ըմբռնելու համար այս ահարկու զրկանքը, որ եղավ Բուրբոնին, որուն համար անիկա պատրաստված էր մեկ քանի տարիներե ի վեր։ Բուրբոնի մտադրությունը եղած էր երևան գալ հռետորական գերագույն թափով, խոսիլ զանազան լեզուներով։

Բայց դժբախտաբար ուսանողի մը թույլ կը տրվեր միայն ճառախոսել մեկ լեզվով։

Բուրբոնին խորհուրդ տրվեցավ դիմել Կոլեջի նախագահության ներողության արժանանալու համար, և այս «հերետիկոսության» կը ներվեր, բայց անիկա երբեք չի ցանկացավ զիջանիլ։

Արդյոք Բուրբոն մոռացա՞վ և հաշտվեցա՞վ այդ զրկանքին հետ։

Կը մոտենար շրջանավարտից հանդիսի օրը։ Ծաղիկներով և դալարյա ճյուղերով կամարներ շինելու կը պատրաստվեին։ Իգական հարկաբաժնի օրիորդներ ծաղկեփունջերու և ծաղկեպսակներու նորագույն տեսակներ կը մտածեին հնարել, նվիրելու համար վկայական ստացողներուն։

Փառքի համար ալեկոծվող Բուրբոնի հոգու մեջ ահեղ փոթորիկներ կառաջանային, բայց ոչ ոք չէր տեսներ այս։ Թեև Բուրբոնի հոգու բոլոր արարվածները պարզ էին բոլորի առաջ, բայց անիկա այս անգամ ծածկեց իր բոլոր հուզումները, այս անգամ անիկա լռություն պահեց, ատելություն ու խորամանկություն չի մատնող լռություն մը։

Մինչև այդ թվականը գավառը անտեղյակ էր ազգային ամբոխավարության։ Բուրբոն առաջինն էր, որ հիմք պիտի դներ ամբոխավարության յուրահատուկ ձևին, որ վերջը արդեն դարձավ ընդհանուր ձև։ Բուրբոն ամբոխավարության փորձեր ըրած էր — գրքերու մեջ կարդացած զանազան հակադիր վարկածներ իրարու խառնելով, պատմական թվականներ մեկը մյուսի ետևեն շարելով առանց կապակցության,— բայց գործնական ամբոխավարության փորձին չէր մղված։

— Եգիպտական փարավոն Ռամսեսեն մինչև Բիսմարկ և Նապոլեոն Բոնապարտ և Շեքսպիր, կաղաղակեր նա իր ճառերուն մեջ առանց մտահոգվելու այդ անձնավորություններու տարբերության և անոնց ժամանակագրության։