մտածե նաև ֆրանսացի նշանավոր փիլիսոփա մը։ Բուրբոնի համար գրականության, գեղարվեստի, գիտության և փիլիսոփայության մեջ տարբերություն չի կար, անոր համար ամեն ինչ փիլիսոփայություն էր, բոլոր մեծ մարդիկ փիլիսոփա էին, որևէ պատմական անուն, որուն հանդիպեր գրքի մը անկյունը՝ անիկա Բուրբոնի համար ամպայման փիլիսոփա էր։ Ավելորդ է լսել, որ Բուրբոնի ճառին գլխավոր պակսածը նյութն էր — ինչպե՞ս սկսավ, ինչպե՞ս ընթացք տվավ իր ըսելիքներուն և ո՞ւր վերջացուց և ինչո՞ւ վերջացուց։
Երբ Բուրբոն հոգնած և քրտնած լրացուց իր խոսքերը՝ ծաղկեփունջերու տարափ մը սկսավ զինք ողողել։ Իր հայրենակիցները չափազանց գոհ մնացեր էին այդ ճառեն։ Ֆակուլտեի այն անդամները, որոնք ամերիկացի էին և լավ չէին տիրապետեր հայերեն լեզվին՝ հիացեր էին այդ ճառին վրա։
Բուրբոն վկայականը և տիտղոսը առավ և դուրս ելավ քոլեջի շրջափակեն անգամ մըն ալ չվերադառնալու երդումով։
Բուրբոն այդ օր մեծ ճաշկերույթ սարքեց իր հայրենակիցներուն համար, որոնցմե ներկա էին 30-է ավելի, անոնց ներկայության շարունակեց իր հաղթական ճառախոսությունները անվերջանալի ոգևորությամբ։
Երբ անիկա վերջացուց իր ճաշկերույթները՝ մտածեց իր տիտղոսի մասին։ Բուրբոն արդեն երկար մտածելե ետք՝ հասած էր եզրակացության — պիտի կոչվեր դոկտոր և դոկտոր կոչվելու համար պետք էր անպայման մեկնիլ Բեյրութ բժշկական վարժարան։
Եփրատ քոլեջի իր վկայականը առնելե հետո՝ անիկա նամակ գրեց իր հորը և մորը և հայտնեց իր մտադրությունը։ Բուրբոն նամակին տակ ստորագրեց «Ձեր որդին Տ. Բուրբոնյան»։ Ամբողջ տունը հավաքվեցավ այդ լատինական տառերու իմաստը հեգելու, բայց բան մը դուրս չեկավ։ Բուրբոնի հայրը կանչեց ավանի քահանան և անոր հմտության հանձնեց լատինական գրերը, բայց քահանային ալ անիմանալի թվեցավ, մեկու մը, որ կրնար լուծել քրիստոնեական խորհուրդները և մեկնաբանել ավետարանական առասպելները, մինչև անգամ... անապական հղությունը։