Վերջը վերջը Բուրբոնի ոչ պակաս խելացի հայրն էր, որ գտավ այդ լատինական տառերու իմաստը։
— Քրիստոսի խաչին վրա գրված Հ. Ն. Թ. Հ.-ի պես բան մըն է, ըսավ անիկա։
Բուրբոն իր նամակին մեջ գրած էր, որ չէր կրնար այցելել իր հայրենի գյուղը, որովհետև անմիջապես պիտի մեկներ գեպի Բեյրութ։ Ծնողները շատ խնդրեցին իրենց պատասխանին մեջ գալ և զիրենք տեսնել և ապա մեկնիլ, բայց Բուրբոն չլսեց։
Բուրբոն մեկնեցավ Բեյրութ, ճանապարհին հանդիպելով Տիգրանակերտ, Ուրֆա, Այնթապ, Հալեպ, արտասանելով ամեն մեկ քաղաքի մեջ ոգևորիչ ճառեր, թողելով խոր տպավորություն։
Բեյրութ հասնելուն՝ Բուրբոն զարմացավ. անիկա կսպասեր տեսնել գավառական քաղաք մը, ուր կարենար աչքի իյնալ, Բեյրութ իր տեսած բոլոր քաղաքներեն ավելի աղմկոտ և բազմամարդ էր, անոր պակսեցան այնտեղ ճառի ամենօրյա առիթներ։ Բուրբոն իր ստացած A.B. տիտղոսով, առանց քննության ընդունվեցավ Բեյրութի ամերիկյան բժշկական համալսարանը իբրև ներքին հիվանդություններու ուսանող։ Իր դասընկերներն ալ դրսեն եկած էին և անծանոթ էին քաղաքին։ Օր մը այցելեց իր դասընկերներեն մեկուն սենյակը և տեսավ օրիորդի մը լուսանկարը անոր սեղանին վրա։
— Ի՞նչ լուսանկար է այս, հարց տվավ իր դասընկերին։
— Իմ սիրուհիս է, պատասխանեց դասընկերը։
Բուրբոն այս պատասխանին վրա հիշեց Սիրանուշը, որուն իզուր մերժած էր իր սերը։ Իր երիտասարդի արյունը սկսավ եռալ և սկսավ կարոտիլ... սիրո՜։
Անոր համար պուրակները լեցուն էին սիրով, թավուտներու ճիչերը կը դողդողացնեին անոր սիրտը։ Մեկ քանի անգամ փորձեց երթալ ծովի ափը և հռետորություն ընել, բայց ծափահարություններ չլսեց։ Միայն արժանացավ ալիքներու արհամարհանքին։
Սիրել կը ցանկար...