Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հինգշաբթի, 3 մայիս, 1907

«Այսօր Հանիֆեի հետ էի մեծ խնջույքի մը մեջ: Անիկա իմ կողքիս նստած՝ սիրագին կը հևար և կերգեր: Ես կատաղի կերպով կը սիրեի զինքը և մեղմիվ կը շոյեի իր վարսերը: Բոլորը կը նախանձեին ինձ: Ես բաժակ առաջարկեցի իմ Հանիֆեի կենացը և իր շրթունքներուն մեջեն խմեցի երկնային նեկտարը: Երբ ես խոսեցա, բոլորը կը ծափահարեին: Ես հուզված էի, իսկ Հանիֆեն երջանկութենեն խելահեղ կարտասվեր, լեցնելով իր ձեռքին բռնած ոսկյա բաժակը: Ո՜վ Հանիֆե, երկնային թևավոր հրեշտակ, դուն իմս ես հավիտյան և ես, ես, ես քուկդ եմ հավիտյան...»։

Բուրբոն վերևի օրագրած դեպքը միայն երևակայեց...


2

1908-ի գարնան, Բեյրութ ժամանող ֆրանսական շոգենավեն դուրս կելլեր միջահասակ, նիհար, սև և իմասաուն աչքերով, արտաքինով չափազանց խեղճ, 40-ի մոտ մարդ մը։ Մոտիկեն զննող աչք մ'իսկ չէր կարող գուշակել այս մարդու ներքինը և իր առաքելության նպատակը։ Անիկա իր ձեռքին կը կրեր պայուսակ մը, որուն մեջ իր ճերմակեղեններեն և անցագրեն բացի ոչինչ չկար։ Այս մարդը շոգենավեն դուրս գալուն պես, իր քայլերը ուղղեց դեպի քաղաքամեջը, վարձեց անշուք հյուրանոցի մը փոքրիկ սենյակը և ըլլալով հոգնած, պառկեցավ ու քնացավ։

Հաջորդ առավոտ իր առաջին գործը եղավ հասկնալ Բեյրութի մեջ հաստատված ֆրանսական և ամերիկյան բժշկական վարժարաններու հասցեները և ուղղվեցավ դեպի ամերիկյանը։

Այս մարդը, որ կը կոչվեր Սարգիս Սավարյան, հայ մըն էր, ուղարկված Շվեյցարիայի Ժընև քաղաքի մեջ հրատարակվող «Դրոշակ» թերթի խմբագրության կողմեն Բեյրութի հայ ուսանողության մեջ հեղափոխական սերմեր ցանելու համար։ «Դրոշակ» թերթը պաշտոնական օրգանն էր Հայ Հեղափոխական Դաշնակցության, որուն գործունեությունը կը տարածվեր Կովկասի և Տաճկական Հայաստանի հյուսիսային գավառներու մեջ։ Սարգիս Սավարյան կուգար իր կուսակցության համար նոր դաշտեր գտնելու։ Այս մարդը նվիրված