էր այդ կուսակցության հոգևին, լինելով կուսակցության հիմնադիրներեն մեկը։
Սավարյան քիչ խոսող մարդ էր, իր խոսելակերպը՝ համակրելի և գրավիչ։
Այդ առավոտն իսկ անիկա ծանոթացավ հայ ուսանողի մը, որ իր կարգին զինքը ծանոթացուց մեկ քանի ուրիշ ուսանողներու։ Սավարյանը երբեք չտատամսեցավ իր առաքելության նպատակը բացորոշ դնելու այդ մի քանի նոր ծանոթացած ուսանողներու առջև, որոնք բուռն խանդավառությամբ ընդունեցին զայն։ Սավարյան առաջարկեց այդ ուսանողներուն իր նպատակը պարզել ընկերներու և առաջարկեց գաղտնի ժողով մը սարքել, ուր պիտի խոսեր ինքը հայ ժողովուրդը թրքական լուծեն ազատելու մասին։
Գաղտնի ժողովը տեղի ունեցավ։ Երեք ժամ ամբողջ Սարգիս Սավարյան խոսեցավ աշխարհի բոլոր հեղափոխությանց պայթման պատճառներու և գործելակերպի մասին։ Ամփոփ կերպով ներկայացուց իր պատկանած կուսակցության պատմությունը, իր ընկերներու հերոսական սխրագործությունները, տեռորները, պետությանց հետ ունեցած բանակցությունները, 1905 թ․ Պոլսի մեծ մահափորձը, Ծովասարի կռիվները, իր կուսակցության առժամյա և ապագա ծրագիրները։ Ուսանողները անկեղծ խանդավառությամբ մտիկ ըրին Սարգիս Սավարյանը։
Սավարյան իր ըսելիքները լրացնելե հետո՝ խոսք տվավ նաև ունկնդիր ուսանողներու իրենց տպավորությունը հայտնելու և առհասարակ արտահայտվելու։ Ուսանողները բոլորն ալ լուռ էին և ինկած խոր խոհերու մեջ, բայց անոնցմե մեկը, որ Սավարյանի զրույցի ամբողջ ընթացքին անհանգիստ շարժումներ կ'ըներ, ոտքի կանգնեցավ շատ հանդիսավոր կերպով և խոսելու պատրաստ՝ իր շուրջը սկսավ դիտել։ Այդ ուսանողը կ'ըլլար քսանևհինգը անցած, կարճահասակ, սրունքները անհամեմատ կարճ քան իրանը, բայց չորցած սյունի պես ուղիղ, թևերը անհանգիստ շարժման մեջ, աչքերը խոշոր և բոցավառ, պեխերը գլխիվայր դարձված հսկա ստորակետներ ու նման իր քթին երկու կողմերը անկված։