Հակառակ այս նկարագրության անիկա մինչև անգամ գեղաdեմ երիտասարդ էր։
— Հայաստանի ազատագրության մեծ ուխտավոր, սկսավ անիկա, և դուք, ուսանող պարոններ, Ես․․․ ես անհուն տենչանքով կսպասեի այս երջանիկ օրվան տարիներե ի վեր։ Հայաստանի ազատագրության իդեալը եղած է իմ երազներուս բոցավառության բուն շարժառիթը։ Ես երջանիկ եմ այսօր և ես կուզեի, որ բոլորդ ալ ըլլաք երջանիկ։ Մեզ մոտ եկած է հայ ազգի պարծանքը, մեծն Սավարյանը (Բեյրութի մեջ ոչ ոք լսած էր Սավարյանի անունը և Սավարյան ինքը ոչինչ խոսած էր իր մասին), մենք կերդնունք, ես կերդնում իր առջև մնալ հավատարիմ այն սրբազան կրակին, որ այսօր վառեց պարոն Սավարյանը մեր հոգիներու մթության մեջ։ Մենք կ'երթանք, ես կ'երթամ վրեժ լուծել, գավաթ-գավաթ խմել տուշմանի արյունը և ապա ես կը մեռնիմ։
Ավելի պիտի շարունակեր, եթե Սարգիս Սավարյան չընդհատեր ճառը՝ հիշեցնելով, որ գաղտնի ժողովի նստած էին և կարելի չէր այդքան բարձրակոչ արտահայտվիլ։
— Ես շնորհակալ եմ, ընկեր ստուդենտ, ձեր ցույց տրված խանդավառության հանդեպ, երբ ինձ ուղարկում էին Ժընևից այստեղ՝ զգում էի հեռվից այս խանդավառությունը, ես շատ ուրախ եմ, որ իմ և իմ ընկերների հույսերը ի դերև չպետք է ելլեն, պատասխանեց Սավարյան։
Սարգիս Սավարյան կը խոսեր հեղափոխորեն — կովկասյան հայ բարբառով։
Սարգիս Սավարյան դարձյալ դիմեց ուսանողներու արտահայտվելու համար, բայց ոչ ոք ուզեց տեղեն շարժիլ, այս անգամ դարձյալ միևնույն անհանգիստ ուսանողը ուզեց ցատկել և խոսիլ, բայց իր ընկերները չթողուցին. Սավարյան տեսնելով այդ՝ ուզեց հանդարտեցնել և ըսավ.
— Բավական է, ընկեր, արդեն մենք առիթը ունեցել ենք լսելու ձեզ և թափանցելու ձեր եռանդին։
Այս անհանգիստ ուսանողը մեր Բուրբոնն էր։ Բայց Սարգիս Սավարյանի «ընկեր» հորդորումը եռացած ջուրի վրա սառ ջուր լցնելու պես բան մըն էր, որովհետև Բուրբոնը թեև