Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազարավորներ գնում են անողոք յաթաղանի տակ»։

Բուրբոնը պետք էր միայն մեկ որոշում տար,— կամ մնալ Բեյրութ և սիրել Հանիֆեն և կամ ձգել վարժարանը և երթալ գյուղերն ու քաղաքները քարոզելու հեղափոխություն և ժողովուրդը ըմբոստացնելու բռնակալության դեմ։ Վարժարանը դյուրությամբ կրնար լքել, որովհետև իր պատանեկության ամենակարմիր երազը — կոչվիլ դոկտոր — իրականացած էր, բացի իր նամակներուն տակ «Դոկտոր Բուրբոնյան» ստորագրելը, այցետոմս տպագրել տված էր, չորս լեզուներով միևնույն հորջորջումով։

— Տիտղոսը ստանալես հետո պետք է նվիրվեմ... որո՞ւ, դժվար էր պատասխան տալ — Հանիֆե և Հայաստան,— երկուքն ալ այնքան տեսլական, այնքան շողով և քաղցրությամբ լեցուն։

Անիկա կրկնապատկեց իր ծովեզրյա պտույտները և ավելի կատաղի կերպով կը ճառախոսեր ալիքներուն։ Մերթ կ'ըմբոստանար տիրող պետական կարգերուն դեմ, կը տեսներ, որ հարյուրավոր մարդիկ շղթայված՝ սվիններով կը քշվեին դեպի բանտ։ Կը տեսներ, որ ձորի մը մեջեն հայդուկներ զենքը ձեռքերնին, «աչքերնին աստղերով լեցուն» դեպի լեռը կը բարձրանային, և կը պոռար որոտընդոստ.

— Ես ձեզի հետ կուգամ, ես լեռ կ'ելլեմ, ես զենք կ'առնեմ, և ես ձեզի օգնության կուգամ, ես՝ դոկտորս, կ'արհամարհեմ ամեն ինչ, և՛ փառք, և՛ հարստություն, և՛ սեր, և՛ հանգստություն։

Տուն վերադարձին կ'երևակայեր, որ Հանիֆեն արցունքներու մեջ կը խեղդվի, օգնություն կ'աղերսե, կը մարի, կ'իյնա, կը զառանցի։

Ահա Հանիֆեն՝ մազերը թափթփած իր ուսերուն վրա՝ աչքերը գիշերի չափ մութ և աղերսագին՝ ինկած է Բուրբոնի անկողնի վրա և բազուկները պարզած՝ կը պոռա. «Ինձ ծովը նետեցեք, մարեցեք իմ հոգիի հրդեհը, բռնեցեք մազերես և քաշեցեք փողոցներուն մեջ»։

Տակավին շատ երկար պիտի տևեին Բուրբոնի երևակայության չարչարանքները, եթե նոր պատգամ մը չի գար և կշիռքին մեկ կողմը զգալապես չծանրացներ։