կ'ըներ և թևերու ու գլուխի անհանգիստ շարժումներ, աչքերը բացավ և տեսավ երկու թուրք ժանդարմներ, որոնք իրենց ձիերուն վրա հեծած կամաց-կամաց ճանապարհը կը կտրեին։ Երբ անոնք մոտավորապես հիսուն քայլ հեռու էին՝ հեղափոխականը (տակավին հերոս չէր) ոտքի կանգնեցավ և սաստեց անոնց կանգ առնել։
— Ո՞ւր կերթաք, հարցուց անոնց։
Անոնք իրարու երես նայեցին և անմիջապես չպատասխանեցին։ Ընկեր Բուրբոնյանը անհամբեր՝ քաշեց իր ձիու արծաթազօծ մտրակը (այն ատեն չուներ ոչ մի զենք) և սպառնալով՝ վրանին խուժեց։ Ժանդարմները կարծելով զայն արաբ բարձրաստիճան սպա, ահաբեկված՝ իրենց ձիերը մղեցին քառատրոփ փութկոտության և փախան։ Երբ անոնք կտրվեցան տեսողութենե՝ Բուրբոնյանը վերադարձավ իր ձիուն քով և ճառախոսեց այսպես․
— Ո՛վ հայրենակիցներ․ ո՛վ տառապյալներ, ես եկա ձեզ փրկելու, ես ազատագրեցի ձեզ երկու սադայելներե։ Անոնք իմ շնորհիվ հավետ... կորած են։ Անոնց սուրը այլևս չկրնար բարձրանալ ձեր անմեղ վիզերուն վրա։ Ես կ'ազատագրեմ ձեզ բոլոր խուժդուժ, ցածոգի ժանդարմներե, կեցցե՜ հեղափոխությունը, կեցցե՜ հերոսությունր։
Ընկեր Բուրբոնյան այլևս հերոս էր, միայն աշխարհահռչակ դառնալու համար պետք էր բանտ մտներ։
Իրիկունը ուշ ատեն անիկա մտավ քաղաք և գնաց ընկեր լինելու ատակ երիտասարդի մը տունը, որուն հասցեն տրված էր իրեն «Կոհակ» կոմիտեեն։ Այս երիտասարդը անըմբռնելի երկչոտությամբ ընդունեց հերոսը։ Գոցեց դուրսի դուռը, փակեց լուսամուտի փեղկերը, որպեսզի, աստված մի արասցե, դուրսեն մեկը չտեսներ այդպիսի հեղափոխական տարազով մեկը։ Տնեցիները նշմարելով տղամարդու անսահման զգուշավորությունը, իրենք ալ սկսան ցած ձայնով խոսիլ, գրեթե փսփսալ իրարու։
Երկյուղը իր գագաթնակետին հասավ, երբ հերոս Բուրբոնյանը պատմեց իր ազատագրական առաջին ակտը։ Հյուրասերը տենչալով տենչաց առավոտը, որպեսզի կերպով մը ազատվեր իր հյուրեն։