Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դոկտոր Բուրբոնյանը Հալեպ քաղաքը մոտենալու ճանապարհին հայտնաբերած հերոսությունը պատմելեն հետո՝ պատմեց և ուրիշներու հերոսությունները հեղափոխականացնելու համար իր շրջանակը։

Գիշերը անիկա երազեց, որ բռնակալ կառավարության կողմեն ձերբակալեցին զինք, նետեցին բանտ... «առանց քննության՝ երկու ժանդարմներ ռումբով սպանելու ամբաստանությամբ»։ Բվանտին մեջ սարսափելի տառապանքներու ենթարկեցին զայն, մեխերու վրա նստեցուցին, եռացած հավկիթներ դրին թևերուն տակ, տաքցած երկաթներով այրեցին մարմինը և անիկա հերոսաբար դիմադրեց բոլոր չարչարանքներուն և, հակառակ այնքան խոստումներուն, ոևէ հեղափոխական գաղտնիք չտվավ։ Հիշեց իր հանգիստ ուսանողական օրերը, հիշեց Հանիֆեն, անոր արցունքները, բայց հպարտ զգաց իր տանջանքներուն համար, որովհետև ամեն մեկ տանջանքով կազատագրեր հազարավորներ իր եղբայրներեն և քույրերեն։ Միայն անհունորեն կը տենչար, որ իր հեծեծանքները, իր հեղափոխականի վայել ընթացքը հառներ Սավարյանին և արժանի ըլլար անոր կեցցեին։

— Այդ լուրը ես շուտով կը հասցնեմ անոր ականջին, կը մտածեր ինքնիրեն բանտի... խոր լռության մեջ։

Առավոտուն անիկա արդեն լրիվ հերոս էր։

Երիտասարդ հյուրասերը, որ հեղափոխությունը և անոր քարոզչությունը այդ ձևով չէր հասկնար և լուռ աշխատանքի մարդ էր, նախաճաշը ընելեն հետո, դառնալով դոկտ․ Բուրբոնյանին.

— Ընկեր Բուրբոնյան, ըսավ լրջորեն, ես լուր ստացա, որ Տիգրանակերտի մեջ ձեր ներկայությունը շատ զգալի է, այնտեղ գործը բավականին քայքայված է և կառավարությունը դիմած է ամենեն անմարդավայել միջոցներու ձերբակալելու համար հայ ժողովուրդի մեծամեծները։ Մենք հոս բավականին առաջ տարած ենք կազմակերպության գործը, իմ և իմ ընկերներու կարծիքը այն է, որ դուք հիմա ճամփա ելլեք դեպի Տիգրանակերտ՝ ուր մեծ կարիք կա նոր և տիպար հեղափոխականի։

— Ես իսկույն կը մեկնիմ հոն և կազատագրեմ բոլորը։