Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆանթազիոն հինգ տարիե ի վեր գտնված էր Ժընև և Փարիզ՝ իբրև իրավաբանության ուսանող։ Ւր իրավաբանական ուսանող ըլլալը կը կայանար այն իրողության մեջ, որ այցետոմս տպել տված էր իր անունով և ծածկանունով, ավելցնելով տակը — étudiant en droit, Ժընև և Փարիզ։ Չենք սխալիր, եթե ըսենք, որ պատահաբար ներկա գտնված էր, հինգ տարիներու ընթացքին, մեկ-երկու իրավաբանական դասախոսությանց։ Իր բովանդակ հմտությունն էր, թե օրենքը հիմնված է իրավունքի վրա, թե կա code de Napoleon-ը, թե եվրոպական արդի օրենքի հիմքը կը կազմեին հռովմեական և գերմանական օրենքները։ Անիկա իբրև շրջանավարտ վերադարձած էր Մալաթիա, իր ծննդավայրը, անհուն ուրախություն պատճառելով իր ծնողներուն։ Վկայականի մասին անիկա... վկայած էր, որ ետքը պիտի ղրկվի իրեն համալսարանեն։ Հայրը վաճառական մարդ և թանձրացյալ բաները սիրող, հարցուցած էր, թե՝ որ համալսարանին մեջ ավարտած էր ուսումը իր սիրասուն որդյակը, անիկա պատասխանած էր, որ ավարտած էր՝ թե՛ Ժընևի և թե՛ Փարիզի համալսարանները — փոխն ի փոխ։ Ֆանթազիոն այս պատասխանով չէր կրնար չզարմացնել նույնիսկ գավառի մեծ մտավորական մը, ուր մնաց իր քիչ զարգացած վաճառական հայրը։

Մալաթիա հասնելուն՝ հայրը ուղարկեց զայն Բաղդադ առևտրական գործով։ Դեպի Բաղդադ ճանապարհին հռչակվեցավ Օսմանյան սահմանադրությունը։ Ֆանթազիոն Ժընևի մեջ շատ մոտ եղած էր հեղափոխական գործիչներուն, որոնք առանց երկնչելու և երկմտելու «կարմիր նամակներ» կը գրեին թերթերու մեջ՝ ուղղված — Յըլտըզի մեծ հիվանդին, անդուլ և անդադար սպառնալիքներ տեղալով թուրք բռնակալության հասցեին։

Ֆանթազիոն մոտեն ծանոթ էր 1905-ի մահափորձին, մեկ քանի տեռորներու (ոչ թե գործադրությանց, այլ հղացման շշուկներուն) և տեսած էր բոլոր այն գործիչները, որոնք եկած և անցած էին Ժընևեն, շատերը նույնիսկ հյուր ըլլալով Ֆանթազիոյի սենյակը։ Օսմանյան սահմանադրության հոչակմամբ Ֆանթազիոն մոռցավ հորը իրեն